ԱԺ-ն չընդունեց «Հայաստան» խմբակցության՝ սահմանագծմանը և սահմանազատմանը առնչվող նախագիծն օրակարգում ընդգրկելու հարցը
 |1lurer.am|
11:06 - 30 ապրիլի, 2024

ԱԺ-ն չընդունեց «Հայաստան» խմբակցության՝ սահմանագծմանը և սահմանազատմանը առնչվող նախագիծն օրակարգում ընդգրկելու հարցը |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված հարցերի թվում է նաև «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հայտարարության» նախագիծը, որի վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը ներկայացրել էր բացասական եզրակացություն:

Նախագիծն օրակարգում ընդգրկվելու համար ելույթներ ունեցան նախագծի հեղինակը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, և հարակից զեկուցողը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ գործընթացն «առանց իրավական հիմնավորման» սկսվել է Շուռնուխից, և որ նույնը հիմա կատարվում է Տավուշի մարզում:

«Այսօր Կառավարությունը մի բան էլ առաջ է գնացել: Սահմանազատումից բացի, սահմանազատումից անդին՝ իրականացվում է նաև սահմանագծում, սահմաններն ինչ-որ մի կերպ, անհասականալի բազայի վրա, իրավապայմանագրային բազայի վրա, գծվում են, փաստացի սյուներ են տեղադրվել: Ո՞վ է այդ իրավունքը տվել,- ասաց նա և եզրափակեց ելույթը.- Մենք հստակ նշում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային կոնտուրների որոշումը որևէ կերպ չի կարող ազդել Արցախի Հանրապետության և Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացի վրա»:

Հարակից զեկուցող Մարիա Կարապետյանը հայտարարեց, որ գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի վերարտադրության գործընթացն է, և որ այդ սահմանի վրա կարելի է սյուն տեղադրել:

«ՀՀ-ի տարածքից ոչ մի միլիմետր ո՛չ զիջվում է, ոչ փոխանակվում»,- հայտարարեց Մարիա Կարապետյանը և պարզաբանեց, թե հանձնաժողովը մերժել է նախագիծը:

«ՀՀ-ն 29.743 քառակուսի կիլոմետր է, և Դաշնակցության անկեղծ ցանկությունը՝ ունենալ ավելի մեծ Հայաստան, ցավոք, օգտագործվում է Կայսրության կողմից՝ հանգեցնելու ավելի փոքր Հայաստանի կամ առհասարակ Հայաստանի պետականության վերացման,- ասաց նա և հավելեց.- Հայտարարության նախագիծն առաջարկում է, որ Հայաստանը՝ որպես Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթաց, հիմք առաջարկի 1993 թվականի սեպտեմբերի դրությամբ շփման գիծն այն հիմնավորմամբ, որ այդ ժամանակ է Ադրբեջանը վավերացրել Անկախ պետությունների համագործակցության կանոնադրությունը:

Ըստ էության, սա առաջարկ է հրաժարվել ՀՀ պետական սահմանից և վերադառնալ ռազմական գործողությունների տրամաբանությանը: Սա բացարձակապես անընդունելի է և պարունակում է ՀՀ-ի համար իրավական, քաղաքական, դիվանագիտական և ռազմական ռիսկեր»:

Քվեարկությունից առաջ ընդդիմությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց: Ընդմիջումից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց, որ ընդդիմության նախագծում որևէ նոր բան չի առաջարկվում, և որ այն պարունակում է ռիսկեր ու վտանգներ ՀՀ-ի պետականության համար, ուստի խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին:

Որոշումը չընդունվեց: Նախագծին կողմ քվեարկեց 27 պատգամավոր, դեմ՝ 51, ձեռնպահ՝ 0:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել