Բուժաշխատողների համար սահմանվել է դասընթացների ցանկ, որոնց մասնակցությունը կլինի պարտադիր
 |1lurer.am|
11:59 - 08 մայիսի, 2024

Բուժաշխատողների համար սահմանվել է դասընթացների ցանկ, որոնց մասնակցությունը կլինի պարտադիր |1lurer.am|

1lurer.am: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների, հմտությունների շարունակական զարգացման համատեքստում արդիական ու կարևոր համարվող որոշ դասընթացների պարտադիր մասնակցելու պահանջով: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 8-ի նիստին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով բուժաշխատողների դասընթացների մասով որոշման նոր նախագիծը:

«Ներկայումս բուժաշխատողներն իրենք են ընտրում այն շարունակական մասնագիտական զարգացման դասընթացները, իսկ նախագծով առաջարկվում է սահմանել որոշակի դասընթացների ցանկը, որոնց մասնակցելը պարտադիր կլինի՝ անկախ մասնագիտական ուղղվածությունից: Որպես այդպիսին՝ կարող են լինել, օրինակ, արտակարգ իրավիճակներում կամ աղետների ժամանակ տուժածներին ցուցաբերվող անհետաձգելի բուժօգնության վերաբերյալ դասընթացները, էթիկական նորմերի իմացությունը և այլն»,- ասաց նախարարը:

Որոշման նախագծով առաջարկվում է նաև միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների կողմից առաջարկվող, շարունակական զարգացում ապահովող միջոցառումներին մասնակցության համար սահմանել փոխհատուցման կարգ ու փոխհատուցման դեպքեր:

«Սա կարևոր խթան կլինի արտերկրում կազմակերպվող դասընթացներին առցանց մասնակցելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանց վճարը Կառավարությունը կսուբսիդավորի սահմանված կարգով»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել