civilnet.am: Մոսկվայի Կարնեգի կենտրոնում հրապարակվել է Հարավային Կովկասի հարցերով մասնագիտացած լրագրող Կիրիլ Կրիվոշեևի հոդվածը ռուս-ադրբեջանական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերման, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ «Նոր բարեկամության գինը․ ինչո՞ւ Ռուսաստանը խաղաղապահներին այդքան հեշտ դուրս բերեց Ղարաբաղից» վերնագրված հոդվածը թարգմանաբար՝ ստորև։
Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը մշտական հիշեցում էր, որ Ռուսաստանը, չնայած զորակազմին, դադարել է կարգավորման գործընթացում որևէ դեր ունենալ։ Իսկ այժմ զորքի դուրսբերումը կարելի է համարել նեղացածի ժեստ․ Արևմուտքին ծախված Փաշինյանը չգնահատեց Մոսկվայի հոգատարությունը, և հիմա թող ինքն էլ գլուխ հանի հետևանքներից։
Ադրբեջանին հաջողվեց անել այն, ինչը հետխորհրդային երկրներում դեռ ոչ վաղ անցյալում անհնար էր թվում։ Բաքուն ոչ միայն հասավ նրան, որ ռուսական խաղաղապահ զորակազմը վաղաժամ դուրս գա Ղարաբաղից, այլև այդ գործընթացը համատեղեց Իլհամ Ալիևի՝ Մոսկվա այցի հետ, որն անցավ անսովոր ջերմ մթնոլորտում։ Ռուսաստանի իշխանությունները և պրոպագանդիստները չքննադատեցին Ադրբեջանի առաջնորդին Ռուսաստանին տարածաշրջանից հանելու համար, այլ հակառակը՝ ամբողջ ուժով արդարացրին իրերի այդպիսի դասավորությունը։ Նրանք մեղավոր կարգեցին Հայաստանի իշխանություններին և Նիկոլ Փաշինյանին, որը «ինքն էր ճանաչել Ադրբեջանի՝ 1991-ի սահմանները» և վստահել Բրյուսելին ու Վաշինգտոնին, ինչը, ըստ Կրեմլի տրամաբանության, չի կարող լավ բանի հանգեցնել։
Սակայն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ցուցադրական մտերմությունը բոլորովին չի նշանակում, որ նրանք հիմա սերտ դաշնակիցներ են, և Բաքուն պատրաստ է Մոսկվային փոխադարձ զիջումներ անել։ Ավելի շուտ, Կրեմլն ընդունեց, որ Ղարաբաղյան հարցը փակված է, և որոշեց չփչացնել հաղթողի հետ հարաբերությունները։ Իսկ Երևանի հետ Բաքուն ուղիղ երկխոսություն է հաստատում, ընդ որում մինչ այժմ՝ լիովին արդյունավետ։
Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ դիվանագաիտական և ռազմական ջանքերի ճիշտ համադրությամբ տարածաշրջանային հակամարտությունը կարելի է ոչ միայն լուծել Մոսկվայի կամքին հակառակ, այլև չեզոքացնել Ռուսաստանի ռազմական ներկայությունը տարածաշրջանում։ Դեռ ոչ վաղ անցյալում թվում էր, որ եթե Մոսկվան որևէ վայրում իր խաղաղապահներին է տեղակայում, ապա նրանք այդտեղ մնում են գրեթե ընդմիշտ՝ լինի Աբխազիան, Հարավայի Օսիան կամ Մերձդնեստրը։ Սակայն Ղարաբաղի դեպքը ցույց տվեց, որ լինում են նաև հակառակ օրինակները, երբ Ռուսաստանը մուտք է գործում ակնհայտորեն երկար ժամանակով, բայց ստիպված է դուրս գալ վաղաժամ և անհասկանալի արդյունքով։
Դա հերիք չէ, Կրեմլն ամեն անգամ ջանում է թե՛ ռուս հանրությանը, թե՛ արտաքին աշխարհին համոզել, որ ադրբեջանական կողմի նկատմամբ որևէ վերապահում չունի։ Ըստ Մոսկվայի հավաստիացումների՝ ամեն ինչ գնում է ըստ ծրագրվածի՝ զորակազմը կատարել է իր առաջադրանքները, որոնցից գլխավորը քաղաքացիական բնակչությանը բռնությունից պաշտպանելն էր, և դրա համար էլ այժմ կարող է հեռանալ։ Եվ, ընդհանրապես, դուրսբերման մասին որոշումը, ըստ Պեսկովի, ընդունվել է համատեղ և պայմանավորված չէ որևէ կողմի կամքով, այլ՝ «փոփոխված իրողություններով»։
Ընդ որում, Ռուսաստանը կուլիսների համառորեն անտեսում է հարցը, թե ով է թույլ տվել իրողությունների այդ փոփոխությունը, եթե 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հայերի և ադրբեջանցիների միջև շփման գիծը պետք է չփոփոխվեր։ Ըստ էության՝ այն ամենը, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում 2022-ի դեկտեմբերից ի վեր, հնարավոր եղավ Ռուսաստանի՝ Ադրբեջանին զսպել չկարողանալու պատճառով։ Ամեն ինչ Փաշինյանի վրա բարդելու Մոսկվայի փորձերը հազիվ թե ինչ-որ մեկին համոզեն։
Ռուսաստանն այնքան է ջանում խուսափել Ադրբեջանի հետ ցանկացած շփումից, որ նույնիսկ չհիշեց անցած տարվա սեպտեմբերին Ճանկաթաղում զոհված խաղաղապահների մասին [2023-ի սեպտեմբերի 20-ին ադրբեջանական զինուժի հարձակման հետևանքով Արցախի Ճանկաթաղ գյուղի շրջակայքում սպանվեց ռուսաստանցի հինգ խաղաղապահ – ՍիվիլՆեթ]։ Ադրբեջանն ընդունեց իր մեղավորությունը, Ալիևը ներողություն խնդրեց, սակայն հետաքննության որևէ արդյունք մինչ այժմ չի հրապարակվել։
Ալիևի՝ ապրիլի 22-ին Մոսկվա կատարած այցն էլ այնպես էր կազմակերպված, որ ոչինչ չհիշեցնի հենց այդ նույն պահին խաղաղապահների դուրսբերման մասին։ Դրա փոխարեն հանդիպման գլխավոր շեշտը ադրբեջանական առաջնորդի հոր՝ Հեյդար Ալիևի արժանիքներն էին։ Հայր Ալիևը 50 տարի առաջ գլխավորել էր Բայկալ-ամուրյան երկաթուղու կառուցման կառավարական հանձնաժողովը։ Խորհրդային դարաշրջանի ժառանգների հանդիպման ներդաշնակ մթնոլորտը քննադատության որևէ խորշ չի թողնում։
Եվ այս ամենը տեղի ունեցավ՝ չնայած Ադրբեջանի դեմ վերապահումների այն ահռելի քանակին, որ ունեն նույնիսկ Կրեմլին հավատարիմ և Ուկրաինայի դեմ պատերազմին աջակցող հայրենասերները։ Պատերազմն արդարացնող տելեգրամյան ալիքներն անընդհատ կշտամբում են Բաքվին Ուկրաինայի նկատմամբ անթաքույց ապրումակցման համար․ Ադրբեջանում Ուկրաինայի զինված ուժերում կռվող ադրբեջանցի կամավորների մասին լուրեր պատրաստում են անգամ իշխանամերձ լրատվամիջոցները։ Զայրույթի պատճառ են նաև Ադրբեջանից Ուկրաինա զենքի մատակարարման մասին լուրերը և Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի հետ կապված միջադեպերը։ Այնուամենայնիվ, Ալիևը Կրեմլի համար մնում է գործընկեր, որին քննադատություն չի կպնում և որի նկատմամբ ռուսական իշխանությունները պահանջներ չեն ներկայացնում։
Լրատվականների համար ներդաշնակ այդ պատկերի և կադրի հետևում մնացած իրական մեծ հակասությունների միջև հակադրությունը բնական հարց է առաջացնում՝ ինչու Կրեմլը, որն այդքան խանդոտ վերաբերմունք ունի հետխորհրդային երկրներում իր ռազմական ներկայության նկատմամբ, այդքան հանգիստ և նույնիսկ բարեհոգաբար է արձագանքում Բաքվի կողմից իր այդ ներկայության ակտիվ վերացմանը։
Գիտակցելով սեփական ձախողումը Ղարաբաղյան կարգավորման հարցում, երբ ռուս խաղաղապահները տարածաշրջանում պիտի փաստացի մնային անժամանակ՝ Մոսկվան սկզբում փորձեց իր զորակազմի համար Հարավային Կովկասում նոր դեր գտնել։ Առանձին հայտարարություններից դատելով՝ քննարկվել է նրանց երկարաժամկետ տեղակայումը Հայաստանում՝ որպես ՀԱՊԿ-ի առաքելության մաս, սակայն Փաշինյանը հրապարակային հրաժարվեց ռուս խաղաղապահներին Հայաստանում ընդունելուց։
Վերջին բանը, որով Ռուսաստանը փորձեց արդարացնել խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղում, ականազերծումն էր։ Սակայն դա ակնհայտորեն այն խնդիրը չէ, որը պահանջում է 2000 մարդու և 400 միավոր հատուկ տեխնիկայի մասնակցություն։ Ալեքսանդրյան 15-րդ առանձին հրաձգային բրիգադի զինծառայողների մեծ մասը, որտեղից 2020-ին խաղաղապահներին էին հավաքել, վաղուց կռվում են Ուկրաինայում։ Այժմ Ղարաբաղում ազատ մնացած ռուսական տեխնիկան և մարդիկ ամենայն հավանականությամբ կուղարկվեն ուկրաինական ճակատ։
Արդյունքում Ռուսաստանը ստիպված եղավ իր զինծառայողներին դուրս հանել Ղարաբաղից առանց Ադրբեջանից որևէ փոխհատուցում ստանալու։ Մոսկվան ինչպես կար, այնպես էլ մնում է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացից դուրս մնացած։ Այո՛, Կրեմլն ու Բաքուն կարող են գրեթե համաժամանակ կշտամբել Երևանին Արևմուտքին մերձենալու փորձերի համար, բայց Հարավային Կովկասում ռուսական դիվանագիտության ուժեղացման կամ ռուս-ադրբեջանական տանդեմ ստեղծելու նշաններ տեսանելի չեն։
Հայաստանի սահմանային չորս գյուղերը Ադրբեջանին հանձնելու պայմանավորվածությունը, ինչպես նաև երկու երկրների միջև սահմանային առաջին սյուների տեղադրումը տեղի ունեցավ առանց Ռուսաստանի մասնակցության՝ ուղիղ երկխոսության արդյունքում։ Հանդիպումն էլ տեղի ունեցավ հենց սահմանին։ Անցած տարի սկսված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման «Ո՛չ Ռուսաստան, ո՛չ Արևմուտք» մոտեցումն էլ անսասան է թվում։
Առանց միջնորդների ձեռք բերված պայմանավորվածություններն էլ առայժմ բավական ողջամիտ և կենսունակ են թվում։ Չորս գյուղերի շուրջ սահմանազատման ընթացքում կողմերը նախապես կարևոր ճանապարհներ ընդգրկող ոչ մեծ տարածքների փոխանակման պատրաստակամություն են արտահայտել (իսկ Հայաստանի համար և ընդհանրապես Երևան-Թբիլիսի մայրուղին կենսական կարևորություն ունի): Եթե փոխանակումը հաջող ընթանա, այն կդառնա կարևոր նախադեպ։
1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի սահմաններով դելիմիտացիան իրականացնելու կետը նույնպես լավատեսություն է ներշնչում։ Դա պիտի խանգարի Ադրբեջանին հետագայում վերադառնալ 1940-ականների, 1950-ականների և 1960-ականների քարտեզներին, որոնցում Խորհրդային Ադրբեջանի տարածքը փոքր ինչ մեծ էր։
Մյուս կողմից, Ադրբեջանը առաջվա նման քննադատում է Հայաստանին բանակն ուժեղացնելու ցանկացած փորձի մեջ և Զանգեզուրի միջանցքի թեման պատրաստ է պահում։ Այսինքն՝ Բաքուն և Երևանը առաջին անգամ իրոք ինչ-որ օգտակար բանի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել առանց արտաքին օգնության, բայց դա կարող է լինել միայն ժամանակավոր ցուցադրություն, ինչից հետ կսկսվեն ծանոթ խնդիրները։
Սակայն կարգավորման մեջ Ռուսաստանի միջնորդական դերն ամեն դեպքում կչեզոքանա՝ չնայած Մոսկվայի շարունակական խոստումներին՝ հասնելու 2020-ի համաձայնությունների իրականացմանը։ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ճնշման փորձերը, Ուկրաինայի բախտին արժանանալու սպառնալիքները դժվար թե օգնեն․ Ադրբեջանը նույնպես չի ցանկանում տեսնել Ռուսաստանի միջնորդությունը։
comment.count (0)