Պատմությունից քաղած դասերն այսօր էլ են արդիական ․ ՌԴ դեսպանը՝ Հաղթանակի օրվա մասին
 |arm.sputniknews.ru|
11:07 - 09 մայիսի, 2024

Պատմությունից քաղած դասերն այսօր էլ են արդիական ․ ՌԴ դեսպանը՝ Հաղթանակի օրվա մասին |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru:  Ովքեր չեն հիշում իրենց պատմությունն ու պատմության տված դասերը, լուրջ ռիսկի են դիմում․ պատմությունը խիստ պատժում է նրանց, ովքեր արհամարհում են այդ դասերը։ Այսօր Երևանի Հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելուց հետո լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Դեսպանի կարծիքով՝ այսօր տեղի ունեցող իրադարձությունները հենց դա են փաստում՝ պատմությունից քաղած դասերն այսօր էլ են արդիական, քանի որ շատ դեպքերում նույն խնդիրներին, վտանգներին, սպառնալիքներին ենք առնչվում։ Կոպիրկինի խոսքով՝ շատերը, ովքեր մինչև հիմա այնքան էլ լավ չէին հասկանում, թե ինչի համար է պետք հիշել այս օրը, արդեն հասկանում են։
 
«Սա խորհրդային ժողովուրդների միասնական մեծ տոնն է, բացառիկ խիզախություն։ Կարծում եմ՝ չենք չափազանցնում, երբ ասում ենք, որ մարդկությունը փրկվեց սարսափելի չարիքից։ Ինչո՞ւ է պետք այս մասին հիշել, որովհետև սա հարգանքի տուրք է մեր նախնիների հիշատակին, որոնք պայքարել են, նվիրաբերել են իրենց կյանքը այս ընդհանուր հաղթանակի համար, նաև նրանց հանդեպ, ովքեր աշխատել են թիկունքում։ Սա խիզախություն է, զոհաբերություն, այն չի կարող մոռացվել»,- նշեց դեսպանը։
ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարն ընդգծեց, որ այս հաղթանակն ու դրա հիշողությունը մեր երկրների, ժողովուրդների միջև հարաբերությունների կարևոր բաղադրիչ է, սա մեր ընդհանուր պատմությունն է, ընդհանուր հերոսությունը, որը միավորում է և ապագայում էլ միավորելու է մեր ժողովուրդներին։
«Այո՛, սա տոն է՝ արցունքն աչքերին, բայց սա մեծ տոն է»,- նշեց Կոպիրկինն ու հատուկ շնորհավորեց Հայրենական մեծ պատերազմի բոլոր վետերաններին՝ շեշտելով, որ նրանք մեր այս մեծ հաղթանակի կենդանի պատմությունն են։
 
Հիշեցնենք` այսօր Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակի 79-րդ տարեդարձն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել