Թող անեն. ո՞վ է իրենց բռնել. Անդրանիկ Քոչարյանը՝ վարչապետին անվստահություն հայտնելու մասին
 |1lurer.am|
16:44 - 10 մայիսի, 2024

Թող անեն. ո՞վ է իրենց բռնել. Անդրանիկ Քոչարյանը՝ վարչապետին անվստահություն հայտնելու մասին |1lurer.am|

1lurer.am: Իհարկե, Բագրատ հոգևորականի համար Աստծո կամքն է կարևոր, և մեզ համար էլ է կարևոր, բայց ժողովրդի կամքը հենց Աստծո կամքն է: Եթե Վազգեն Գալստանյանը ցանկություն ունի վարչապետի թեկնածու առաջադրվել, ուրեմն նա 2026 թվականին պետք է իր քաղաքական թիմով հայտ ներկայացնի, մասնակցի ընտրություններին և հաղթելու դեպքում դառնա վարչապետ: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Լրագրողների խնդրանքով անդրադառնալով իմփիչմենթի հնարավորությանը՝ նա ասաց հետևյալը. «Իմփիչմենթի գործընթաց թող բերեն անեն, բայց տվյալ հոգևորականն ասում էր՝ 20 ձայն է պակասում: Որտեղ է այդ քսան ձայնը. 3 տարի է՝ այստեղ են, իրենք տեսնո՞ւմ են թեկուզ երկուսուկես ձայնի հնարավորություն: Այս պահին եթե իրենք տեսնում են, թող հանրայնացնեն: Անձամբ ես չեմ տեսնում նույնիսկ մեկուկես ձայն: Չնայած ինքն անուններ է տալիս, որտեղ տարօրինակ է, որ հոգևորականը տալիս է անուններ, առանց այդ անունների տերերի հետ համաձայնեցնելու»:

Թող անեն, ո՞վ է իրենց բռնել, ինչո՚ւ չեն անում: Նիստ էինք անում, ո՞ւր են, ընդդիմության ներկայացուցիչները որտե՚ղ են: Վերջին հաշվով, հարցը լուծվում է ԱԺ-ում: Եթե իրենք ԱԺ աշխատանքներից փախնում են... որպեսզի լուրջ լինեն, իրենք պետք է այս շենքում լինեն: Այս երկիրը հետպատերազմյան փուլ է անցնում, ի՞նչ է նշանակում՝ դեռ կգան, որտե՞ղ են, իրենք պետք է աշխատանքի լինեն: Մարդիկ, որոնք ստանում են մանդատ, պետք է իրացնեն այդ մանդատն աշխատանքի միջոցով: Տիգրան Աբրահամյանը տարիուկես է՝ դատարանի դահլիճներում է պտտվում, մեր ընդդիմությունը երբ ուզում՝ գալիս, երբ ուզում՝ չի գալիս, ասում է՝ դա մեր իրավունքն է: Խնդրեմ՝ ձեր իրավունքն է, բայց հարցերը լուծում են պահանջում Ազգային ժողովում, որտեղից իրենք բացակայում են: Այդ 4 հոգուն որտեղից են գտնելու, ԱԺ-ից, չէ՞, բա էլ չեմ ասում 20 հոգուն: Բագրատ հոգևորականը 20 հոգու տեղը գիտի: Կարո՞ղ է իր թեմի սպասավորներն են, որոնք իրեն հետ գնացել են գաղտնի պայմանավորվածությունների»:

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հեղափոխությանը, ապա Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ՝ 2018-ը լրիվ ուրիշ իրավիճակ էր: «Պարոն Փաշինյանը, այնուամենայնիվ, կարողացավ համաժողովրդական հեղափոխություն իրացնի թավշյա: Երբ որ ստացվի, այս հարցերն էլ պետք չեն լինի»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել