Քաղաքապետարանի բյուջեից՝ աշխատակիցների անգլերենի անհատական պարապմունքներին. հայտնեք Ձեր կարծիքը
18:37 - 10 մայիսի, 2024

Քաղաքապետարանի բյուջեից՝ աշխատակիցների անգլերենի անհատական պարապմունքներին. հայտնեք Ձեր կարծիքը

Երևանի քաղաքապետարանի հինգ աշխատակիցներ անգլերենի անհատական դասընթացներ են անցնելու՝ քաղաքային բյուջեից հատկացված միջոցներով։ Քաղաքապետարանը 990 հազար ՀՀ դրամ է վճարել «Հայաստանի Ամերիկյան Համալսարան» Հիմնադրամին՝ քաղաքապետարանի աշխատակիցների համար շաբաթական 3 օր՝ 2 ժամ տևողությամբ անգլերենի դասընթացներ իրականացնելու համար։ Դասընթացների ընդհանուր տևողությունը 9 շաբաթ է։ 

Պայմանագիրը կնքվել է այս տարվա ապրիլի 11-ին՝ «Մեկ անձ» գնման ընթացակարգով։ 

Երևանի քաղաքապետարանից «Ինֆոքոմին» հայտնեցին, որ անգլերենի դասընթացներին մասնակցելու են քաղաքապետարանի հետևյալ աշխատակիցները՝

  • Դավիթ Գևորգյան, Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ,
  • Լուսինե Ղարիբյան, Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետ,
  • Արմեն Հովհաննիսյան, «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ,
  • Մերի Հարությունյան, «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ,
  • Մարտին Չարյան, «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի Միջազգային գնումների և ծրագրերի կառավարման մասանգետ։

Մենք փորձեցինք պարզել, թե ինչ կրթություն, կենսագրություն և աշխատանքային փորձ ունեն նշված աշխատակիցները։ Քաղաքապետարանի կայքում կենսագրական տվյալներ կային միայն Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանի մասին։ Լուսինե Ղարիբյանը Երևանի քաղաքապետարանում աշխատում է 2021թ-ից, իսկ Մարտին Չարյանը՝ 2019թ-ից։ Մյուս աշխատակիցների վերաբերյալ տվյալներ քաղաքապետարանի կայքում չկան։ 

Քաղաքապետարանի լրատվության վարչությունից «Ինֆոքոմին» հայտնեցին, որ այս անձինք աշխատանքի բնույթով անընդհատ առնչվում են միջազգային կազմակերպությունների հետ։

Եթե բնակվում եք Երևանում, վճարում եք հարկեր, խնդրում ենք հայտնել, թե ինչպես եք վերաբերվում Ձեր վճարած հարկերից քաղաքապետարանի պաշտոնյաների անհատական գիտելիքների և կարողությունների զարգացմանը գումար ուղղելու քաղաքապետարանի որոշմանը։

 

Ջուլիետտա Հովհաննիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել