Վարչապետն այցելել է Արմավիրի մարզի տարբեր համայնքներ, Ջրառատում ներկա գտնվել մարզադպրոցի բացման արարողությանը
20:32 - 11 մայիսի, 2024

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզի տարբեր համայնքներ, Ջրառատում ներկա գտնվել մարզադպրոցի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին այցելել է Արմավիրի մարզ: Նա կանգառներ է ունեցել այն բնակավայրերի դպրոցներում, որտեղ կառուցված մարզադահլիճներում արձանագրվել էին տարբեր խնդիրներ և թերություններ, ինչպես նաև ծանոթացել է նոր օբյեկտների կառուցման աշխատանքներին:

Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Էջմիածին քաղաքի Երվանդ Օտյանի անվան թիվ 7 հիմնական դպրոցում, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ և հանդիսությունների սրահ: 2022 թ. ապրիլի 27-ին մեկնարկած ծրագրի ընդհանուր արժեքը 296.4 մլն դրամ է։

Նա նաև այցելել է Արաքս համայնքի Արտիմետ բնակավայրի Ժորա Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճ: 2022 թ. ապրիլի 25-ին մեկնարկած ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 203 մլն դրամ է։

Ջրառատում վարչապետը ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը: Մարզադպրոցն ունի 8 հիմնական և 5 երկրորդական հարթակ։  2021 թ. մեկնարկած ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 581.6 մլն դրամ:

Վարչապետի հաջորդ կանգառը եղել է Մեծամոր համայնքի Արևիկ գյուղի նորակառույց մոդուլային մանկապարտեզում, որտեղ նա ծանոթացել է իրականացված աշխատանքներին և երեխաների համար ստեղծված պայմաններին: Մանկապարտեզը նախատեսված է 144 երեխայի համար: 2021 թ. հունիսի 29-ին մեկնարկած ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 500 մլն դրամ է:

Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Մեծամոր համայնքի Ջանֆիդա բնակավայրի Էդվարդ Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճում, որի կառուցման համար հատկացվել է 332 մլն դրամ, Արմավիր համայնքի Մովսես Սիլիկյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցի մարզադահլիճում՝ շինաշխատանքների ծավալը գնահատվել է 311 մլն դրամ, Խոյ համայնքի Արագած բնակավայրի Մեխակ Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճում, որի կառուցման համար հատկացվել է 381.5 մլն դրամ է, ինչպես նաև Շահումյան բնակավայրի միջնակարգ դպրոցի մարզադահլիճում, որի կառուցման աշխատանքները գնահատվել են 154.5 մլն դրամ: Վարչապետը շրջել է մարզադահլիճներում և ծանոթացել նախկինում արձանագրված թերությունների վերացման աշխատանքներին:

Վարչապետը չնախատեսված կանգառներ է ունեցել նաև Գայ և Բամբակաշատ բնակավայրերում՝ զրուցել բնակիչների հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել