Նորվեգիան և Իռլանդիան պաշտոնապես ճանաչեցին Պաղեստինի անկախությունը
11:43 - 22 մայիսի, 2024

Նորվեգիան և Իռլանդիան պաշտոնապես ճանաչեցին Պաղեստինի անկախությունը

Նորվեգիան և Իռլանդիան պաշտոնապես ճանաչեցին Պաղեստինի անկախությունը։ Սպասվում է, որ Պաղեստինի անկախությունը կճանաչի նաև Իսպանիան։

Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն առանց պաղեստինական պետության։

Իսրայելը խորհրդակցությունների համար հետ է կանչել իր դեսպաններին Նորվեգիայից և Իռլանդիայից։ Այդ մասին հայտնել է երկրի ԱԳ նախարար Իսրայել Կացը։

«Ես հստակ և միանշանակ ուղերձ եմ հղում Իռլանդիային և Նորվեգիային․ Իսրայելը իր բերանը չի փակի նրանց դեմ, ովքեր խարխլում են իր ինքնիշխանությունը և վտանգի ենթարկում իր անվտանգությունը»,- գրել է նա։

Կացի խոսքով այս երկրները որոշել են պարգևատրել Համասին և Իրանին՝ ճանաչելով պաղեստինական պետությունը։

«Իսրայելը լուռ չի մնա, մի շարք հետևանքներ կլինեն»,- հավելել է Կացը։

Իսրայելի ԱԳՆ-ն մինչ պաշտոնական ճանաչումը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Պաղեստին պետության ճանաչումը տարածաշրջանում ավելի շատ ահաբեկչության, անկայունության կտանի և վտանգի տակ կդնի խաղաղության բոլոր հեռանկարները․ «Գրավ մի՛ եղեք Համասի ձեռքին»։

Նորվեգիան, Իռլանդիան և Իսպանիայն ամենաշատն են քննադատել Իսրայելի գործողությունները Գազայում և բանակցություններ էին վարում եվրոպական երկրների հետ՝ Պաղեստին պետությունը ճանաչելու համար համատեղ հայտարարություն տարածելու վերաբերյալ։

Արևմտյան Եվրոպայում ԵՄ անդամ առաջին երկիրը, որ դեռևս 2014 թվականին ճանաչել է Պաղեստինի անկախությունը, Շվեդիան է։

Մինչ ԵՄ-ին միանալը Պաղեստինի անկախությունը ճանաչել էին նաև Բուլղարիան, Կիպրոսը, Չեխիան, Սլովակիան, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը և Ռումինիան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել