Սահմանազատման արդյունքում վերարտադրվում է ՀՀ պետական սահմանը, զիջում անվանելն առնվազն անտրամաբանական է․ վարչապետ
 |armenpress.am|
17:48 - 22 մայիսի, 2024

Սահմանազատման արդյունքում վերարտադրվում է ՀՀ պետական սահմանը, զիջում անվանելն առնվազն անտրամաբանական է․ վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում այն խոսակցությունները, թե Տավուշի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացով հայկական կողմը զիջումների է գնում։ Փաշինյանն այս մասին ասաց Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ։

«Զիջումների մասին խոսակցությունը համարում եմ կատարելապես անընդունելի։ Ի՞նչու, որովհետև եթե վերարտադրվում է Հայաստանի Հանրապետության դե-յուրե գոյություն ունեցող պետական սահմանը (ուզում եմ հիշեցնել՝ ոչ թե ստեղծվում է, այլ վերարտադրվում է), դա զիջում անվանելն առնվազն տրամաբանական չէ։ Ես դա կհամարեի հաջողություն, որովհետև Հայաստանի Հանրապետությունն իր պատմության մեջ առաջին անգամ ինքնուրույն բանակցելու եղանակով վերարտադրում է սահման և դնում է Հայաստանի ինքնիշխանության, պետականության հետագա զարգացման համար կարևորագույն անկյունաքար»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հիմնավորեց, թե ինչու է համարում, որ սահմանը վերարտադրվում է։

«1991 թվականին, ըստ էության, Ալմա-Աթայի հռչակագրին միանալով՝ Հայաստանի Հանրապետությունը ևս մեկ անգամ ինքնահայտարարագրել է, որ ինքն անկախություն է ստանում է Խորհրդային Հայաստանի սահմաններով։  Եվ Ալմա-Աթայի հռչակագրում արձանագրվել է սահմանների անխախտելիությունը, իսկ 1991 թվականի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են։ Եվ մենք այս ընթացքում աշխատել ենք, բարձրացրել ենք այդ սահմանի գոյության բոլոր դե-յուրե հիմքերը։ Համոզվել ենք,որ գիտենք Հայաստանի Հանրապետության իրավական սահմանը որտեղով է անցում և այդ սահմանը վերարտադրել ենք գետնի վրա ՝ որդեգրելով «սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է» սկզբունքը։ Ուզում եմ ընդգծել՝ սահմանազատման այս գործընթացի արդյունքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր չի թողնվել ուրիշին։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն ամբողջությամբ արձանագրված է սահմանազատվող հատվածներում»,- եզրափակեց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել