Հայկ Մարությանն առաջարկում է հերքել կեղծ պնդումները կամ փաստեր ներկայացնել

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայկ Մարությանն առաջարկում է հերքել կեղծ պնդումները կամ փաստեր ներկայացնել:

2019-ի վերջին ամիսներին քաղաքապետարանի աշխատանքի հետ կապված ապատեղեկատվության հեղեղը հիշում ենք: Հատկապես սեպտեմբերի վերջից՝ աղբահանության խնդրի սկզբունքային լուծումից հետո տարբեր գործիչներ ու որոշակի լրատվամիջոցներ ապատեղեկատվության ու բամբասանքների արշավ էին սկսել քաղաքապետի ու քաղաքապետարանի գործունեության հետ կապված: Մասնավորապես, բիզնեսի սոցիակալան պատասխանատվության սկզբունքով քաղաքին տրված նվերների վերաբերյալ աղմուկը եւս, բոլորս հիշում ենք:

2019-ի դեկտեմբերի 4-ին ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը 1in.am-ի եթերից, իր խոսքով, «բացահայտում արեց»՝ ասելով, որ նվիրատու ընկերությունները իրե՛նք չեն գնել Կամազները, «Փո՛ղն են տվել քաղաքապետարանին, քաղաքապետարանն է գնել, փո՛ղ, փո՛ղ են տվել քաղաքապետարանին… Իսկ ի՞նչ իմանանք՝ ինչքան են տվել, ինչքանից են առել: Կարող ա, ասենք, 1 միլիոն դոլար տվել են, 800 հազարի են առել Կամազները»: 

Գրեթե նույնաբովանդակ հայտարարություն «Ազատություն» ռադիոկայանի եթերում դեկտեմբերի 23-ին արեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Ընդ որում, երկու հարգարժան գործիչները իրենց խոսքերը հաստատող որեւէ փաստ չներկայացրեցին: Չէին էլ կարող ներկայացնել, որովհետեւ վերը նշված հայտարարությունները, ըստ էության ապատեղեկատվություն են:

Քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր պաշտոնական նամակներ է հղել պարոնայք Էդմոն Մարուքյանին եւ Դավիթ Խաժակյանին՝ առաջարկելով հերքել հիշատակված պնդումները կամ ներկայացնել համապատասխան փաստաթղթային հիմնավորումներ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն