azatutyun.am Միացյալ Նահանգները հաստատում է՝ ամերիկյան ուժերը կիրակի հարվածել են Իրանի Լարակ կղզում գտնվող երկու արձակման կայանքի՝ խախտելով հուլիսի վերջից պահպանվող հրադադարը։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ «սահմանափակ և ճշգրիտ գործողություն» է իրականացրել Հորմուզի նեղուցում ականներ տեղադրելու պատրաստվող և «անմիջական սպառնալիք ներկայացնող» ուժերի դեմ։
Իրանական Tasnim-ի հաղորդմամբ՝ Լարակ կղզուն հարվածել է ամերիկյան անօդաչու։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտարարել է, որ հարձակման հետևանքով զինվորականներ և խաղաղ բնակիչներ են զոհվել՝ չհայտնելով նրանց թիվը։
Ամերիկյան հարվածին հաջորդել է Իրանի պատասխանը։ Reuters-ի փոխանցմամբ՝ իրանական ուժերը բալիստիկ հրթիռներ են արձակել Հորդանանում տեղակայված ամերիկյան երկու ռազմաբազաների ուղղությամբ։ Հորդանանի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ երկրի զինուժը խոցել է օդային տարածք ներխուժած ութ հրթիռ։
Անօդաչուների հարձակման է ենթարկվել նաև Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող և ամերիկյան զինտեխնիկա հյուրընկալող ավիաբազան։
Իրանական Mehr-ն էլ հաղորդում է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասին։
Մինչ կողմերը փոխադարձ հարվածների մասին են հաղորդում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում կարճ գրառում է կատարել Իրանի էներգետիկ հանգույց Խարգ կղզու վերաբերյալ։ Նա արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է ամերիկյան հարձակում կղզու վրա, և գրել․ «Խարգ կղզին փշուր-փշուր է արվում»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում