1lurer.am: Կառավարությունն առաջարկում է ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված գույքերից մեկը վարձակալության տրամադրել 10 տարի ժամկետով: Խոսքը հայտնի ԱՕԿՍ-ի շենքի մասին է: Դրա վերաբերյալ որոշման նախագիծը Կառավարության՝ հունիսի 6-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նախարարը նաև հիշեցրեց նախապատմությունը: Ըստ այդմ՝ վարչական դատարանի վարույթում կար գործ, որի շրջանակում հաշտություն կնքվեց, և գույքի իրավունքը տրամադրվեց ՀՀ-ին: Այնուհետև Կառավարության որոշումներից մեկով այն դարձավ պետական գույք: Այժմ այդ գույքն օգտագործելու ցանկություն ունեցողներ կան:
«Գույքը վարձակալության համար ամսական գնահատվել է 15 մլն 450 հազար դրամ: Առաջարկում ենք հաստատել և այս պայմաններով մրցույթ անցկացնել»,- ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց՝ ԱՕԿՍ-ի շենքն իրավական ընթացակարգերով պետությանը վերադարձված ամենանշանավոր շինությունն է. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ գույքը արդյունավետ կառավարվի»:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն արձագանքեց՝ քանի որ շենքը պատմամշակութային հուշարձան է, դրա արտաքին տեսքի հարդարման հետ կապված աշխատանքը պետք է մասնագետների դրական եզրակացությամբ արվի, որպեսզի չաղավաղվի արտաքին տեսքը: Սա է շենքը վարձակալության հանձնելու՝ ԿԳՄՍՆ-ի պայմաններից մեկը:
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը ներկայացրեց վարձակալության պայմանները: Ըստ այդմ՝ մրցույթ հայտարարվելու է Կառավարության որոշման ընդունումից հետո. «Պոտենցիալ վարձակալը պետք է ներկայացնի վարձավճարի առաջարկ առնվազն 15,4 մլն դրամի չափով և պետք է ներկայացնի նաև ներդրումային ծրագիր: Գնահատվելու է վարձավճարի և ներդրումային ծրագրի հարաբերակցությամբ: 90 տոկոս կշիռ տալու ենք վարձավճարի, 10 տոկոս կշիռ` ներդրումային ծրագրի մեծությանը»:
comment.count (0)