azatutyun.am: «Այսօր իսկապես գլխավոր խնդիրը Ադրբեջանի նկատմամբ շարունակվող տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Հայաստանի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, առաջին հերթին՝ Հայաստանի Սահմանադրության մեջ, որն ուղղակիորեն հղում է անում «Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միանալու» կոչին»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։
Նա պնդել է, որ Սահմանադրությունից այդ հավակնությունները բացառելը Բաքվի «օրինական պահանջն է»։ Արդբեջանի արտգործնախարարության գնահատմամբ՝ Հայաստանը շահագրգռված չէ կայուն խաղաղութամբ և ձգտում է պահպանել տվյալ իրավիճակը միայն որպես պահեստային տարբերակ՝ ապագայում «Ադրբեջանի դեմ ագրեսիան վերսկսելու համար»։
Հայաստանի արտգործնախարարությունն, իր հերթին, այսօր ավելի վաղ մեղադրել է Ադրբեջանի նախագահին՝ խաղաղության գործընթացը տորպեդահարելու համար, պնդելով, որ Հայաստանի սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը կասկածի տակ է դնում խաղաղության հասնելու անկեղծությունը:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նաև ասել է. «Միաժամանակ Հայաստանի փորձերը՝ ուղղված անցյալի հակամարտության մնացորդը համարվող Մինսկի խմբի վերականգնմանը և ռազմականացման քաղաքականության շարունակությունը ցույց են տալիս, որ այդ երկիրն Ադրբեջանի դեմ ուղղված թաքնված օրակարգ ունի»։
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է՝ Հայաստանը «բարոյական հիմքեր չունի» կասկածելու խաղաղության գործընթացում Բաքվի անկեղծությանը։