ԱԺ խորհուրդ ներկայացրած ընդդիմադիր 2 խմբակցությունների միջորդությանը միացել էին նրանց 35 պատգամավորներից 33-ը։ Հայկ Մամիջանյանը նշում է՝ 2 պատգամավորները չեն միացել, քանի որ մարզում են գտնվել և չեն հասցրել գալ, մասնակցել։ Նրա խոսքով՝ դրա կարիքը չի էլ եղել, քանի որ արդեն եղած ստորագրությունները առավել քան բավարար են եղել։
Միջնորդությանը չի միացել նաև խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Իշխան Զաքարյանը, Մամիջանյանը, պատասխանելով նրա վերաբերյալ հարցին, ասաց․
«Իշխան Զաքարյանի՝ իմփիչմենթի գործընթացին միանալու վերաբերյալ, ինչպես հայտարարել է Բագրատ Սրբազանը, արդեն ստացված են պայմանավորվածություններ։ Այս (միջնորդություն ներկայացնելու - խմբ․) գործընթացի համար այդ մարդկանց նույնիսկ չենք էլ դիմել, քանի որ եղած ստորագրությունները առավել քան բավարար էին», - նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Անդրադառնալով հարցին, թե ինչպես է ուղերձի ընդունումը վարչապետի հրաժարականին հանգեցնելու, Մամիջանյանը նշեց․
«ՀՀ-ն խորհրդարանական երկիր է, խորհրդարանն ընդունում է ուղերձ կառավարությանը։ Կառավարությունը, այո, իրավական տեսանկյունից կարող է հրաժարական չտալ, բայց առանց քաղաքական հենարանի, առանց պարլամենտում մեծամասնության կառավարությունն աշխատել չի կարողանա»։
Նրա խոսքով՝ սա ընդամենը քայլերից, ուղիներից մեկն է․ «Խոստանում եմ այնպիսի քաղաքական, օրենքով թույլատրված գործիք չի մնալու, որ մենք չփորձենք»։
Անդրադառնալով Բագրատ Սրբազանի՝ 96 ժամում հարցը լուծելու մասին հայտարարությանը, Մամիջանյանը ասաց․
«Մինչև այդ շատ ջրեր կարող են հոսել, գուցե 96 ժամ հետո հարցը դեռ լուծված չլինի, բայց ակնհայտ լինի, որ հասնելու ենք լուծման»։
Հիշեցնենք, որ խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակացություններն այսօր միջնորդություն էին ներկայացրել Ազգային ժողովի խորհրդին՝ վաղը կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։
ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը․ արտահերթ նիստը տեղի կունենա հունիսի 17-ին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատասխանելով հարցին, թե մասնակցելո՞ւ են արտահերթ նիստին, ասել էր, որ իրենք նման նման օրակարգ չունեն, հետևաբար այդ օրակարգն իրենց համար քննարկելի չէ։
comment.count (0)