azatutyun.am։ Այսօր դարձյալ կառավարության բակում էին անասնապահությամբ, մսի իրացմամբ զբաղվողները։ Նրանց բողոքը սպանդանոցային պարտադիր մորթի դեմ է։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հունվարի 15-ից անցել է պարտադիր սպանդանոցային մորթի խսիտ վերահսկողության, արգելել բակային մորթը։ Բողոքող գյուղացիները նախ պնդում էին, որ հանրապետությունում բավարար չափով սպանդանոցներ չկան, եթե լինեն էլ, նրանք դեմ են ընդհանրապես սպանդանոցային մորթին, քանի որ, պնդում են, այն իրենց վրա շատ թանկ է նստելու. - «Դա նույնն է, ոնց որ թե գյուղացուն ասես՝ սրանից հետո անասուն մի պահի, որովհետև ամեն մի անասունի համար այդ նույն գյուղացին պիտի 20-30 հազար դրամ փող ծախսի, որ տանի սպանդանոց, մեքենայով պիտի տեղափոխի սպանդանոց: Առաջին 5 օրն ա անվճար, դրանից հետո վճարովի ա, երեկ ենք զանգել, ճշտել, ասում են՝ տենց բան չկա, սուտ ա»:
Ի դեպ, տեսչական մարմինից պնդում են՝ սպանդանոցների հետ հուշագիր են ստորագրել, որով վերջիններս պարտավորվել են 3 գլուխ կենդանուց ոչ պակաս թվաքանակը տեղափոխել մինչև 30 կիլոմետրը անվճար: Բողոքող ֆերմերները պնդում են՝ տեսչությունը հայտարարում է, իսկ սպանդանոցները հրաժարվում են անվճար տեղափոխել իրենց անասուններին։ Կառավարության բակում հավաքված մարդիկ, որ տարբեր մարզերից էին այստեղ եկել, պահանջում էին արդարություն, սպասում էին, որպեսզի վարչապետ Փաշինյանն իջնի բակ՝ իրենց լսելու։ Մի պահ նրանք նույնիսկ Տիգրան Մեծ պողոտան փակեցին, հետո որոշեցին՝ պետք է փակեն իրենց բնակավայրերից դեպի քաղաք եկող բոլոր ճանապարհները. - «Մի քանի հոգի ուղարկեք մարզերը, թող մի հատ գյուղացիքի կարծիքը հլա հարցնեն, եթե գյուղացիքի 5 տոկոսը դաժե կուզեն սպանդանոց, թող սարքեն, ոչ մի բան չեղավ, էս ճաշը դրա համար սարքվավ, հիմա էս ճաշը ոնց որ սարքել են, թող տենց էլ վերացնեն»:
Տեսչական մարմինն արդեն հայտարարել է, որ հետքայլ չի անելու, սպանդանոցային մորթը պարտադիր է լինելու մսի իրացման շուկայում:
comment.count (0)