ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի նիստի ժամանակ եզրափակիչ ելույթով է հանդես գալիս։
Նա դարձյալ անդրադարձավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ կապված իրավիճակին՝ ևս մեկ անգամ ժամանակագրորեն ներկայացնելով, թե ինչպես է արձագանքել ՀԱՊԿ-ը 2021թ․ մայիսից հետո Հայաստանում տեղի ունեցած դեպքերին, մասնավորապես, որ չի նշել, թե որն է ՀՀ սահմանը ՀԱՊԿ-ի համար։
Ապա նա անդրադարձավ ՀԱՊԿ անդամ երկրներին՝ նշելով․ «Բա ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարում է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, հավատացել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պիտի գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ։ Բա դուք չե՞ք, որ խոսում եք արժանապատվությունից, սկզբունքայնությունից։ Իրավիճակ կա, որ ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում ինչ-որ առումով ստիպված եմ լինելու։
«Արձանագրում եմ՝ Բելառուս երբեք չեմ այցելի, քանի նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն․ այս պահից ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը հարց ուղղեց, թե ՀԱՊԿ-ի հետ կապված կարո՞ղ է ինչ-որ բան փոխվել, ապա պատասխանեց․ «Տեսականորեն այո, եթե Բելառուսը որոշի ՀԱՊԿ-ից դուրս գալ, կամ Բելառուսի նախագահը Հայաստանի ժողովրդին ներողության և բացատրության այնպիսի խոսքեր ասի, որ ՀՀ ժողովրդի համար հասկանալի և ընդունելի լինի»։
comment.count (0)