Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտնել է բանտում նրա խոշտանգումների մասին
09:51 - 14 հունիսի, 2024

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտնել է բանտում նրա խոշտանգումների մասին

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել.

«Ինչպես տեղեկացել են բանտարկյալի ընտանիքը և նրա միջազգային փաստաբանները, ապրիլին տեղի ունեցած հացադուլի ժամանակ Ռուբենին տեղավորել են պատժախուց, զրկել են քնից ու ջրից, արգելել են շփվել ընտանիքի հետ։ Մենք դեռ չգիտենք, թե ինչպես են այդ խոշտանգումները ազդել նրա ֆիզիկական և հոգեկան վիճակի վրա։

Ապրիլի 5-ից ապրիլի 25-ը Ռուբենը հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի իր և մյուս հայ գերիների նկատմամբ ապօրինի կալանավորման և քաղաքական դրդապատճառներով հետապնդումների դեմ։ Սրան ի պատասխան՝ ԱՀ պետական ​​անվտանգության ծառայության քննչական մեկուսարանի վարչակազմը, որտեղ այժմ պահվում է Ռուբենը, նրան տեղափոխել են պատժախուց և սովի ողջ ընթացքում դուրս չեն թողել այնտեղից։

Պատժախցում լույսերը 24/7 միացված էին, ինչը հանգեցրել է հյուծվածության և առողջական այլ խնդիրների։ Բացի այդ, Ռուբենին ստիպել են երկար կանգնել և երկու և ավելի օր զրկել են ջրից։ Բանտարկյալին թույլ չէին տալիս լվանալ կամ փոխել սպիտակեղենն ու հագուստը, նրան զուգարանի թուղթ չէին տալիս և թույլ չէին տալիս կարդալ կամ գրել: Այս սարսափելի պատկերը լրացվում է նրանով, որ հացադուլի ընթացքում ոչ ոքի թույլ չեն տվել տեսակցել Ռուբենին՝ ո՛չ փաստաբանին, ո՛չ էլ տեղի օմբուդսմենին։ 

Բանտարկյալի համար արտաքին աշխարհի հետ կապն ընդհատվել էր՝ նա չէր կարողանում հեռախոսով խոսել ընտանիքի հետ։

Այսօր Ռուբեն Վարդանյանի փաստաբանների միջազգային խումբը հրատապ դիմում է հղել ՄԱԿ-ի խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողին՝ խնդրելով դատապարտել Ադրբեջանի կառավարության կողմից Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դաժան վերաբերմունքը։

«Մենք ցնցվեցինք՝ իմանալով, թե ինչ սարսափներ է կրել հայրս։ Սարսափելի է նույնիսկ մտածել, թե ինչ են անում Ադրբեջանում այլ, քիչ հայտնի բանտարկյալների հետ, ովքեր, ի տարբերություն հորս, միջազգային աջակցություն չեն ստանում։ Ադրբեջանում քաղբանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը՝ լինեն նրանք հայ, ադրբեջանցի, թե որևէ այլ ազգության, պետք է վերջ դրվի։ Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի կառավարությանը և օգնել պաշտպանել հորս կյանքը»,- ասել է Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել