Պետական տվյալները կպահվեն վիրտուալ տիրույթում. Հայաստանը որդեգրում է «Ամպայինն առաջինը» քաղաքականությունը |armenpress.am|
11:46 - 14 հունիսի, 2024

Պետական տվյալները կպահվեն վիրտուալ տիրույթում. Հայաստանը որդեգրում է «Ամպայինն առաջինը» քաղաքականությունը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նախատեսվում է, որ հանրային իշխանության մարմիններն իրենց տնօրինության տակ գտնվող պետական գաղտնիք չհանդիսացող, գաղտնիության, ամբողջականության և հասանելիության չափորոշիչներով ցածր ռիսկայնությամբ դասակարգված հանրային տեղեկությունը կտեղադրեն ամպային տիրույթում: 

«Ամպայինն առաջինը» քաղաքականության մշակման և ներդրման մասին հարցն ընդունվեց կառավարության հունիսի 14-ի նիստում:

 «Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ պետական իշխանության մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերի, դրանցում առկա տվյալների և տեղեկատվության պահպանման նպատակով ավանդական սերվերների փոխարեն պետք է կիրառվեն ամպային լուծումներ, ինչը կապահովի պահուստավորման և վերականգնման վստահելի մեխանիզմներ՝ տվյալների կորստից պաշտպանվելու համար»,–ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը:

Ներկայում պետական իշխանության մարմինները Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համատեղ իրականացնում են տվյալների քարտեզագրում: «Տվյալների դասակարգման արդյունքները նպաստելու են, որ կառավարությունը հնարավորություն ունենա գնահատել տվյալների առկա պաշարն ու կառուցվածքը, նույնականացնել տվյալների պաշտպանության ու պահպանության մոտեցումները: Նախագծով առաջարկվում է, որ հանրային իշխանության մարմիններն իրենց տնօրինության տակ գտնվող պետական գաղտնիք չհանդիսացող, գաղտնիության, ամբողջականության և հասանելիության չափորոշիչներով ցածր ռիսկայնությամբ դասակարգված հանրային տեղեկությունը տեղադրեն ամպային տիրույթում»,-ասաց փոխնախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ այս որոշմամբ կառավարությունը հայտարարում է, որ ՀՀ-ն որդեգրում է Cloud first, այսինքն՝ «Ամպայինն առաջինը» քաղաքականություն: 

«Սա նշանակում է, որ մենք մեր պետական տվյալները պետք է պահենք վիրտուալ տիրույթում: Եթե չունենք հիմնավորում, թե ինչու այդ տվյալը չպետք է պահենք վիրտուալ տարածքում, այդ տվյալը մենք չենք պահելու, այսպես ասած, ֆիզիկական տարածքում: Առաջինը՝ ֆիզիկական տարածքում պահելը շատ մեծ ծախսերի հետ է կապված: Նախկինում մեր տվյալները բազմաթիվ պահեստներում թղթապանականերով էին պահվում, հետագայում, երբ համակարգչային տեխնոլոգիաները մեզ հասանելի դարձան, սկսեցին համակարգիչների մեջ պահվել, սակայն հետո այդ համակարգիչների կրիչ սարքերի և այլնի թիվը սկսեց մեծանալ: Եվ դա կապված է մեծ ծախսերի հետ»,-ասաց Փաշինյանը: 

Նա հավելեց՝ հիմա առաջարկվողն աշխարհում ընդունված ծառայություն է, վիրտուալ տարածքում առաջարկվում են տիրույթներ, որտեղ այդ տվյալները կարող են պահվել: Իհարկե, կան նաև որոշակի կիբեռ ռիսկեր: Բայց, ըստ վարչապետի, աշխարհն այսօր այդ կիբեռ ռիսկերը հասցեագրում և հասցեագրել է: 

«Այդ տվյալներն ամպային տիրույթում պահելով՝ մենք ավելի քիչ պետական միջոցներ կծախսենք, երկրորդը՝ կնվազեցնենք այդ տեղեկությունների վնասվելու, կորելու, ոչնչանալու հավանականությունը, այդ տվյալների օգտագործելիության օպերատիվությունն ու մատչելիությունը կմեծացնենք և ավելի տեխնոլոգիական մոտեցում կցուցաբերենք մեր տվյալների կառավարման նկատմամբ»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս գործընթացի հեռահար նպատակներից մեկը անվտանգության ավելի բարձր մակարդակ ունենալն է:

Անդրադառնալով մտավախությանը, թե Հայաստանն իր տեղեկատվությունը դնում է ուրիշի սերվերի վրա՝ վարչապետը վստահեցրեց. «Այդ տվյալի տերը շարունակում ենք մնալ մենք, տվյալին հասանելիություն կարող ենք ունենալ միայն մենք»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել