Բելառուսական կողմին բողոքի հայտագիր է ներկայացվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր:
Հավելենք, որ երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է»,- նշված է ՀՀ ԱԳՆ խոսնակի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Բելառուս երբեք չի այցելի, քանի նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն եւ ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի։
Փաշինյանի հայտարարությանը հետևեց ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը այն մասին, որ Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների:
Ավելի ուշ Բելառուսը ևս հայտարարեց, որ խորհրդակցությունների համար հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին։ Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը նաև հայտարարել էր, թե «Բելառուսը չի խառնվում Հայաստանի ներքին կյանքին եւ հարգում է հայ ժողովրդին եւ մաղթում է ղեկավարություն, որը իսկապես կմտածի երկրի ապագայի եւ ժողովրդի բարեկեցության մասին»։
comment.count (0)