Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ միասին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ ասված է.
«Խստագույնս դատապարտելի է իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ ուղղորդված ատելության խոսքը, ինչն արտահայտվեց նաև հունիսի 12-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետի հայտարարություններում։ Դրանից հետո սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում ավելի են սաստկացել արցախցիների նկատմամբ վիրավորանքներն ու ատելության խոսքը, նրանց ծաղրելու դրսևորումները։
Էթնիկ զտումների զոհ դարձած Արցախի ժողովրդին ամեն ինչում մեղադրելու, ամեն հարցում թիրախավորելու այս արատավոր երևույթը դառնում է հանրության մեջ արցախցիների նկատմամբ ատելության գեներացման և լայն տարածման պատճառ։
Բազմաթիվ են օրինակները, երբ այդ արշավը տարածում ու անգամ ուղղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, որը բռնի տեղահանված արցախցիների՝հայաստանյան հասարակությանն ինտեգրմանն ու հանրային համերաշխությանը նպաստելու փոխարեն մասնակից է դառնում հայության մի հատվածի նկատմամբ տարվող ատելության գեներացմանը։ Հանրային հեռուստաընկերության՝ որպես Կառավարության հիմնադրած ընկերության նման քաղաքականությունը ակնհայտ է դարձնում, որ սա իշխանությունների մտադրված քաղաքականություն է։
Նշվածից բացի, բազմաթիվ վկայություններ փաստում են, որ հավաքների վայրերից բերման ենթարկված արցախցների նկատմամբ ոստիկանության ներկայացուցչիները դրսևորում են առանձնակի թիրախավորում, որն ուղեկցվում է արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններով, իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից Արցախի կորստի մեջ արցախցիներին մեղադրելու, Հայաստանում «տեղ չունենալու», «հյուր լինելու» և այլ վիրավորական արտահայտություններով։
Արցախի համայնքների ղեկավարների, մասնավորապես Ստեփանակերտի, Մարտակերտի, Ասկերանի, Հաթերքի համայնքապետերի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումները, նրանց ձերբակալումներն ուղեկցվում են ակնհայտ քաղաքական հովանավորչությամբ. դրանք նաև որևէ իրավական հիմք չունեն։ ՀՀ իշխանությունները չունեն Արցախի պետության նկատմամբ Արցախի համայնքային կամ պետական պաշտոնյաների պարտավորությունների, նրանց արաքների քննության որևէ իրավասություն։ Հայաստանի իշխանություններն իրենք են հրաժարվել Արցախի հետ իրավական ու անգամ բարոյական բոլոր առնչություններից։
Վերոնշյալ համայնքապետերի դեմ հետապնդումները սկսվեցին և նրանք զրկվեցին ազատությունից Հայաստանում իրենց քաղաքացիական, այդ թվում՝ հավաքների մասնակցության կամ այդ հավաքներին աջակցություն հայտնելու համար»։
comment.count (0)