Կառավարությունը որոշել է կանոնակարգել ինքնագլորներով երթևեկությունը
 |civilnet.am|
12:33 - 20 հունիսի, 2024

Կառավարությունը որոշել է կանոնակարգել ինքնագլորներով երթևեկությունը |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի կառավարությունը որոշել է կանոնակարգել ինքնագլորներով` չմուշկներով, սկուտերներով, էլեկտրական սկուտերներով, սքեյթբորդներով, էլեկտրական սքեյթբորդներով, ինքնակառավարիչ սկուտերներով, հիրոսքութերներով, սեգվեյներով երթևեկությունը։ Համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը հավանության արժանացավ կառավարության հունիսի 20-ի նիստում և ուղարկվեց խորհրդարան՝ քննարկման։

Ըստ օրենսդրական փոփոխությունների՝ այս սարքերով տեղաշարժումը թույլատրվում է հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով, մայթով կամ հետիոտնային արահետով, իսկ եթե բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին կամ դրանցով երթևեկելն անհնար է, ապա կողնակով։

Երթևեկության աջ մասով կթույլատրվի այս սարքերով երթևեկելը, եթե բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին, մայթը, հետիոտնային արահետը կամ կողնակը կամ դրանցով երթևեկելն անհնար է։ Այս դեպքում կպահանջվի, որ երթևեկության միջոցն ունենա արգելակ, ձայնային ազդանշան, համապատասխան լուսանդրադարձիչներ։

Ըստ նախագծի՝ տեղաշարժման միջոցի արագությունը չպետք է գերազանցի 20 կմ/ժ-ը։ Հետիոտների և անհատական տեղաշարժման միջոցների համատեղ երթևեկության ժամանակ հետիոտները բոլոր դեպքերում ունեն առավելություն։

Անհատական տեղաշարժման միջոցների երթևեկությանը ներկայացվող պահանջները խախտելու համար կնախատեսվի տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով։

Ապրանքների առաքում իրականացնող հեծանիվ կամ մոպեդ վարող անձի կողմից հեծանիվը կամ մոպեդն առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով վարելու համար՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել