tert.am: 2020թ. Բելառուսի նախագահի նախկին թեկնածու, ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի նկատմամբ հաստատակամ դիրքորոշման համար: Նա այս մասին գրել է X-ում։
«Մեծ պատիվ է հանդիպել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին Վիլնյուսում։ Ես շնորհակալություն հայտնեցի Հայաստանին՝ Լուկաշենկոյի ռեժիմի դեմ հաստատակամ դիրքորոշման համար և հույս հայտնեցի Հայաստանի և մեր ժողովրդավարական ուժերի միջև սերտ համագործակցության շարունակականության համար։ Հայաստանի և Բելառուսի ժողովուրդն արժանի է ազատ, ժողովրդավարական և եվրոպական ապագայի», - գրել է նա:
Նախօրեին հաղորդվել էր, որ Վիլնյուս այցի շրջանակներում հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Բելառուս երբեք չի այցելի, քանի նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն եւ ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի։
Փաշինյանի հայտարարությանը հետևեց ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը այն մասին, որ Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների:
Ավելի ուշ Բելառուսը ևս հայտարարեց, որ խորհրդակցությունների համար հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին։ Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը նաև հայտարարել էր, թե «Բելառուսը չի խառնվում Հայաստանի ներքին կյանքին եւ հարգում է հայ ժողովրդին եւ մաղթում է ղեկավարություն, որը իսկապես կմտածի երկրի ապագայի եւ ժողովրդի բարեկեցության մասին»։
comment.count (0)