azatutyun.am: Հայաստանի Եվրամիության անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու խորհրդարանական լսումների ժամանակ 4 քաղաքական ուժերի և նրանց աջակցող կազմակերպությունների անունից՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն այսօր հորդորեց Հայաստանի իշխանություններին եռամսյա ժամկետում հանրաքվե կազմակերպել։
Սարգսյանը, որ արտախորհրդարանական մի շարք ուժերի ղեկավարների հետ պարբերաբար հանդիպում է վարչապետին, պնդեց՝ պահը հենց հիմա է՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։
«Արտախորհրդարանական ընտրությունների ժամանակ հռետորաբանությունը կտրուկ չորանալու է։ Սկսելու են ագրեսիվ կոչեր, Ադրբեջանին արտաքին թշնամի է պետք քվե հավաքելու համար, ո՞վ է այդ արտաքին թշնամին՝ մենք, Ալիևը էդ հռետորաբանությունն օգտագործելու է ինչքան քեֆը տա, իսկ Ռուսաստանի կողմից դա խրախուսվելու է», - նշեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը:
Շեշտելով, որ Հայաստանի իշխանությունն էլ չի բացառում, որ Ադրբեջանը COP 29-ից հետո կդիմի ռազմական ագրեսիայի Հայաստանի դեմ, Արամ Սարգսյանը հարցրեց, թե ի՞նչ է արվում դա թույլ չտալու համար։ Ապա որպես լուծում առաջարկեց ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեն։ Ըստ Սարգսյանի՝ ԵՄ անդամակցության հայտ ներկայացրած Հայաստանը միանշանակ ավելի անվտանգ ու ապահով է լինելու արտաքին քաղաքական ճնշումներից, քան այսօր է։
«Կասկած չունեմ, որ դա շատ առատաձեռն կփոխհատուցվի մեզ՝ ինչպես սպառազինության, անվտանգության, այնպես էլ տնտեսության զարգացման և ներդրումների առումով։ Իշխանությունը մի քիչ ինձ հարգի ու ականջալուր լինի, մի քիչ էլ գնահատի իմ փորձը, այդ ընտրությունները կանի սեպտեմբերի 21-ին, ինչպես 1991 -ի սեպտեմբերի 21 -ին արեցինք անկախության հանրաքվե», - հայտարարեց նա։
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն էլ շեշտելով, թե Հայաստանը կյանքի ու մահվան հատման կետում է և իրենք ընտրում են կյանքի ճանապարհը, խոսքն ուղղեց վարչապետ Փաշինյանին՝ հորդորելով, որ անցկացվելիք հանրաքվեի արդյունքը պետք է տեղ գտնի նախատեսվող նոր Սահմանադրության մեջ։
«2026 թվականին, ըստ ամենայնի, մենք ունենալու ենք նաև սահմանադրական հանրաքվե, և շատ կարևոր է, որպեսզի հանրաքվեի արդյունքով այդ կետը կարողանանք այնտեղ ներառել», - ասաց Բաբաջանյանը:
Արման Բաբաջանյանը ելույթի ավարտին նախ ցուցադրեց ռետինե մի կրկնակոշիկ՝ ապա գրպանից հանեց ԵՄ դրոշն ու կախեց Ազգային ժողովի ամբիոնից։ Այս քայլն ակնհայտորեն դուր չեկավ նիստը վարող Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանին։
«Դուք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ամբիոնից հիմա կախել եք Եվրամիության դրոշը, ինչը խնդիր չէ, բայց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է լինի», - ասաց Եղոյանը:
«Հայաստանի եվրոպական» կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը շարունակեց Եվրամիության դրոշի թեման՝ պնդելով, առանց դրա Հայաստանի եռագույնը անվտանգ չէ. - «Եվրամիության դրոշը հենց այն երկաթե սյունն է, որը պաշտպանելու է մեր երիտասարդ ժողովրդավարությունը, շնորհակալ եմ գործընկերոջս՝ պարոն Բաբաջանյանին, որը բերեց այդ դրոշը»:
comment.count (0)