«Արցախի Հանրապետության ներկայացուցչության տարածքում երեկ ցուցադրված «դիմակահանդեսը» ՀՀ իշխանությունների հերթական խայտառակ ոտնձգությունն էր Արցախի և արցախցիների հանդեպ», - այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
«Խորհրդանշական է, որ այս խիստ դատապարտելի պահվածքին զուգահեռ իշխանությունները նույն օրը հայտարարել են Պաղեստինի Պետության ճանաչման մասին: Դա արել են այն իշխանությունները, որոնք ժխտել ու ոտնահարել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ պարարտ հող ստեղծելով ադրբեջանական ցեղասպանական ագրեսիայի ու Արցախի հայաթափման համար, իսկ հիմա էլ թիրախավորում են Արցախի խիստ խոցելի պետական ինստիտուտներին:
Երևի հաջորդ հեգնական դրվագը կլինի Պաղեստինի տեղահանված ժողովրդի վերադարձի անհրաժեշտության մասին հայտարարելը՝ զուգահեռաբար հանցավոր կերպով փակելով Արցախի տեղահանված ժողովրդի վերադարձի հնարավորություններն ու միջազգային օրակարգը», - նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին հատուկջոկատայինները կոտրել էին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը, հատուկ տեխնիկա ներս բերելով առգրավել Արցախի նախագահին պատկանող ծառայողական մեքենան, որը կապարակնքել էին հունիսի 7-ին։
Քննչական կոմիտեի պաշտոնյա Գրիգոր Հովհաննիսյանը հայտնել էր, որ համապատասխան քննչական գործողություններ իրականացնելու նպատակով են առգրավում մեքենան՝ նշելով, որ չի կարող մեկնաբանել, թե ինչ գործի շրջանակում են իրականացվում գործողությունները, քանի որ նախաքննական գաղտնիք է։
Քննչական կոմիտեից ավելի ուշ հայտնել էին, որ դեռևս 2024 թ․ փետրվարին թմրամիջոցներ իրացնելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հատկանիշներով կոմիտեում հարուցված և ներկայումս քննվող քրեական վարույթի շրջանակներում քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու, համապատասխան քննչական գործողություններ կատարելու նպատակով քննիչը կայացրել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան առգրավելու որոշում։
comment.count (0)