factor.am: Աստանայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆի եռակողմ հանդիպմանը քննարկվել են պաշտպանական և ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության հարցեր։
Ընդգծվել է 2021 թվականին երեք երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ «Երեք եղբայրներ» կարգախոսով անցկացվող զորավարժությունների կարևորությունը, առաջարկվել է ապագայում էլ պարբերաբար համատեղ զորավարժություններ անցկացնել երերք երկրների զինված ուժերի մասնակցությամբ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ընդգծվել է ռազմական արդյունաբերության ոլորտում երեք երկրների համատեղ արտադրություն կազմակերպելու կարևորությունը։ Հանդիպմանը նշվել է, որ երկրների ղեկավարների մակարդակով եռակողմ ձևաչափով գագաթնաժողովն առաջին անգամ է անցկացվում, շեշտվել է դրա պատմական նշանակությունը և առաջարկվել է այսուհետ այդ հանդիպումները պարբերական դարձնել։
«Մեկ անգամ ևս ընդգծվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության լիարժեք ապահովումը։ Մտահոգտություն է արտահայտվել արտատարածաշրջանային պետությունների կողմից Հարավային Կովկասի ռազմականացման քաղաքականության վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ընդգծվել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի և Պակիստանի՝ Բաքվին ցուցաբերած քաղաքական և բարոյական աջակցությունը։ Մտքերի փոխանակում է տեղի ունեցել եռակողմ ձևաչափով առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարների շուրջ՝ նորարարության, էներգետիկայի, գյուղատնտեսության, հումանիտար և այլ ոլորտներում։
comment.count (0)