Ուկրաինան ՀՕՊ համակարգեր կստանա․ Բայդենը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում
 |azatutyun.am|
10:39 - 10 հուլիսի, 2024

Ուկրաինան ՀՕՊ համակարգեր կստանա․ Բայդենը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ Վաշինգտոնում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի բացման ժամանակ, հայտարարել է Ուկրաինային զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու ծրագրերի մասին։

«Միացյալ Նահանգները կանի հնարավորը, որպեսզի Ուկրաինան հակաօդային պաշտպանության համակարգերի առաջին ստացողներից լինի», - հայտարարել է Բայդենը։

Միացյալ Նահանգները, Գերմանիան և Ռումինիան Կիևին կտրամադրեն մեկական Patriot զենիթահրթիռային համակարգեր, Նիդեռլանդները ևս, այլ երկրների հետ համագործակցելով, Ուկրաինային կմատակարարի ևս մեկ Patriot համակարգ։ Ուկրաինան, ըստ նախագահ Բայդենի, տարվա ընթացքում ստացել է հարյուրավոր որսացող սարքեր, որոնք կօգնեն պաշտպանել ուկրաինական քաղաքները ռուսական հրթիռներից։

ԱՄՆ նախագահը հայտարարել է Ուկրաինային աջակցելու պատրաստակամության մասին։

«Պուտինը ցանկանում է Ուկրաինայի լիակատար հպատակեցումը, ցանկանում է վերջ դնել ուկրաինական ժողովրդավարությանը, ոչնչացնել Ուկրաինայի մշակույթը և ջնջել այն քարտեզից։ Մենք գիտենք, որ Պուտինը դրանով կանգ չի առնելու, բայց Ուկրաինան կարող է և կկանգնեցնի Պուտինին», - հայտարարել է Բայդենը։

Իր ելույթում ԱՄՆ նախագահը նաև շեշտել է՝ ամերիկացիների ճնշող մեծամասնությունը հասկանում է, որ ՆԱՏՕ-ի դաշինքն աշխարհն ավելի անվտանգ է դարձնում։

«Ամերիկացիները գիտեն, որ մենք ավելի ուժեղ ենք, երբ գործում ենք ընկերների հետ միասին», - ասել է ԱՄՆ նախագահը։

Երեկ Վաշինգտոն այցից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ կդիմի ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարներին՝ լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր, F-16 կործանիչներ ստանալու խնդրանքով, ինչպես նաև անվտանգության լրացուցիչ երաշխիքներ կպահանջի:

Վաշինգտոնում ընթանում է ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովը։ Գագաթնաժողովի հիմնական թեման ուկրաինական հակամարտությունն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել