Այսօր ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 27-րդ օրն էր։
Համացանցում այսօր տեսանյութ է տարածվել, որ Արթիկում ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հակոբ Հարությունյանին։
Ոստիկանությունից հայտնել են, որ դեպքի վերաբերյալ հաղորդում է ստացվել, փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին։
Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների` ծեծի ենթարկողը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակից է։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ Մասիսում «Ուժեղ Հայաստան» կուսակցության թիմակիցների վրա հարձակման վերաբերյալ ստացվել է 2 հաղորդում, որոնց առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության, խուլիգանության, քարոզչություն կատարելուն խոչընդոտելու հատկանիշներով:
Դեպքին անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը և դատապարտել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջև ծեծի միջադեպերը:
«Մի իշխանություն, որը ասում էր, որ բռնությանը դեմ են և բռնությամբ չպետք է որևէ հարց լուծվի, այս իշխանության կողմնակիցները մարդկանց ինչ-որ տեղեր ծեծի են ենթարկվում, հարձակվում են մարդկանց վրա։ Բնականաբար, նրանք անպատժելի լինելու հանգամանքից են օգտվում (…)», – նշել են կուսակցությունից։
Կալանավորված և հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի ազատ արձակման պահանջով հայտարարություններ են տարածել «Նոր ուժ» և «Միասնության թևեր» կուսակցությունները:
«Նոր ուժ»-ը հայտարարել է, թե «Փաշինյանի և նրա թիմակիցների անհանդուրժող վարքագիծը քաղաքական ընդդիմախոսների հանդեպ, նրանց քրեական հետապնդման ենթարկելու վերաբերյալ իրավապահներին տրվող ուղիղ հրահանգները ազատ խոսքը ճնշելուն ուղղված գործելաոճ է», որը սպառնում է Հայաստանում ժողովրդավարությանն ու իրավական պետության հեռանկարին։
«Միասնության թևերն» էլ հայտարարել է՝ «այս դեպքն ազդակ է ողջ հասարակությանը, թե ինչ է նշանակում, երբ իշխանությունը քաղաքացուն տեսնում է որպես թշնամի և վերածվում բռնապետության».
«Մենք չպետք է թույլ տանք, որ ընտրարշավը լռեցնի այս աղաղակող դեպքը։ Մարդը չպետք է մոռացվի պեռաշկիների, ընդդիմադիրներին կզցնելու և նման վերնագրային նյութերի հետևում»,- հայտարարել են կուսակցությունից։
16-րդ օրը հացադուլ իրականացնող Արտուր Օսիպյանը Նուբարաշեն ՔԿՀ-ից ուղերձ է փոխանցել, որը հրապարակել է փաստաբան Ռոման Երիցյանը․
«Ինձ կալանավորելու հիմնական նպատակը այն է, որ ինձ զրկեն հնարավորությունից ներկայացնել հասարակությանը անհերքելի փաստեր Նիկոլ Փաշինյանի կոռումպացված կլանի հետ համագործակցելու եւ նրանց խոշոր չափի գումարներ փոխանցելու մասին, ինչը Նիկոլ Փաշինյանը մասամբ ընդունել է մայիսի 18-ին նրա հետ իմ բանավեճի ընթացքում։
Այդ տեղեկությունների բարձրաձայնումը կարող է քաղաքական մահ հանդիսանալ, քանի որ 2018-ի հեղափոխության օրերին հայտարարել է, որ եթե դիմի նման քայլերի, թող ժողովուրդը հրապարակում իրեն հանեն կախաղան։
Հետեւաբար, գալիք ընտրությունները չեն կարող համարվել արդար եւ թափանցիկ, քանի որ ընտրողներն էլ իրենց հերթին զրկվել են հնարավորությունից իմանալ ճշմարտությունը եւ հունիսի 7-ին կատարեն իրենց որոշումը»,- ասված է ուղերձում։
«Միասնության թևեր» կուսակցությունը նոր սկզբունք է առաջարկել սփյուռքի հետ հարաբերություններում:
Կուսակցության տնտեսական թիմի անդամ Իրինա Անանյանը նշել է, որ ընտրություններում իրենց քաղաքական ուժի հաջողության դեպքում սփյուռքին արվելու է երեք տնտեսական առաջարկ․ Հայաստանից դուրս բնակվող հայ գործարարը կարող է դառնալ որևէ նախագծի համասեփականատեր, գործունեություն ծավալել արդյունաբերական գոտիներում, գնել հայկական ընկերությունների բաժնետոմսեր և պարտատոմսեր։
Հրազդանի բնակիչների հետ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ պատգամավորի թեկնածու Աննա Գրիգորյանը հայտարարել է, թե «Ադրբեջանին պետք չէ բանակ, պետք չէ ռազմական ռազմավարություն. նրա ամենահզոր զենքը Հայաստանի գլխին գտնվող Նիկոլ Փաշինյանն է»։
Հիշեցնելով վերջերս տեղի ունեցած բանավեճը, որի ժամանակ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը վստահեցնում էր, թե Գորիս-Կապան ճանապարհը Ադրբեջանին է հանձնվել հայկական կողմի նախաձեռնությամբ, պատգամավորն արձանագրել է, որ այսուհետ ցանկացած զիջում իշխանությունները հայտարարելու են «մեր կամքով», «նույն կերպ վարվելու են Սահմանադրության, Տիգրանաշենի և մնացած ամեն ինչի հետ»․
«Մենք պետք է չեզոքացնենք այդ զենքը հունիսի 7-ի ընտրություններում»,- հայտարարել է Գրիգորյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Փաշինյանը հայտնել է, որ Պուտինի հետ պայմանավորվել են, որ ընտրություններից հետո Փաշինյանը մեկնի նորից, հանդիպում ունենան ու «բոլոր ընթացիկ հարցերը կլուծեն»։
Փաշինյանն նշել է, որ այս խոսակցությունը եղել է հունիսի 1-ին, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգել էր իր ծննդյան առթիվ շնորհավորելու։
Նա հավելել է, որ այն խնդիրները, որոնց շուրջ այսօր ՀՀ–ում մեծ աղմուկ է բարձրացվել, վերջին տասնամյակների ընթացքում բազմիցս առաջացել ու հանգիստ լուծվել են այնպես, որ հանրությունը դրանց մասին նույնիսկ չի էլ իմացել․ «Հիմա էլ կլուծվեն, որևէ վայրկյան կասկած չունենաք»,- նշել է Փաշինյանը։
Այսօր երկու ամսով կալանավորվել է «Ուժեղ Հայաստան»-ի աջակից Ալիկ Ալեքսանյանը, որը ձերբակալվել էր անձանց նյութապես շահագրգռելու և փողերի լվացման դեպքով գործի շրջանակում։
Գավառում ՔՊ հանրահավաքի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ասել է, որ վերջին օրերին ՌԴ-ն հայտարարել է, որ փակում է մուտքը ռուսական շուկա հայաստանյան հատապտուղների, մրգերի, բանջարեղենի, Ջերմուկի, ծաղիկների տարբեր արտադրատեսակների արտահանման համար՝ իր համար անհասկանալի, ոչ հիմնավոր պատճառներով․
«Մենք շատ կառուցողական և գործընկերային մթնոլորտում, աշխատանքային քննարկումներում կհարթենք մեր խնդիրները ՌԴ մեր գործընկերների հետ»,- վստահեցրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Արարատ Միրզոյանը ժողովրդին ասել է՝ որևէ հարցում կառավարությունը իրենց խնդրի առաջ մենակ չի թողնելու, նա հիշեց, որ մի արտահանող մոտեցել է իրեն և ասել՝ «մենք մեր անկախությունը ելակի դիմաց չենք զիջելու»։ Միրզոյանն ինքը վանկարկել է այդ արտահայտությունը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այսօր հանրահավաք է անցկացրել Հանրապետության հրապարակում։
Նարեկ Կարապետյանը իր ելույթի ընթացքում ցույց է տվել մի փաստաթուղթ, որը համառոտ քաղվածք է պաշտոնական Բաքվի հրապարակած այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» պետական հայեցակարգից։
Նա մեջբերել է այդ ծրագրի դրույթները, ըստ որոնց, իբր, Հայաստանի ներկայիս տարածքում «ամենուր ոչնչացվել է ադրբեջանական պատմամշակութային ժառանգությունը», իսկ «ադրբեջանցիների իրավունքների վերականգնումն ու վերադարձը, ներառյալ մզկիթների ու գերեզմանատների վերականգնումը», հայտարարվում է Բաքվի առաջնահերթություն։
«Հայաստանում լինելու է առաջնորդ, որ սա երբեք թույլ չի տա։ Փաշինյանի և Ալիևի ծրագիրը հօդս է ցնդելու»,- ասել է Նարեկ Կարապետյանը և պատռել այդ փաստաթուղթը։
Իսկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ հերքում պահանջելով Փաշինյանի կողմից մայիսի 28-ի ճեպազրույցի ընթացքում հնչեցված «հանցագործ», «շպիոն», «գործակալ», «հանցավոր գործարք կնքած լինելու», «Հայաստանի ժողովրդին թալանելու», «օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով Անդրանիկ Թևանյանին ԲՀԿ ցուցակում ներառելու» արտահայտությունների համար։
ԲՀԿ առաջնորդը 3.000.000 դրամ է պահանջում՝ որպես վիրավորանքի արդյունքում պատճառված վնասի փոխհատուցում և 6.000.000 դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում:
Ծառուկյանը նաև պահանջել է ապահովել հերքման վերաբերյալ հրապարակված տեսանյութի և հերքման տեքստի հրապարակումը և տարածումը մի շարք լրատվամիջոցներում: Գործը դատարան է ստացվել երեկ՝ հունիսի 2-ին։ Այն կքննի Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանը։
Ներքին գործերի նախարարությունից հայտարարել են, որ համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները։ ՆԳՆ-ն նաև մոլորեցնող է անվանել տեղեկությունը, թե «տեղահանված անձինք առանց ՀՀ քաղաքացիության կարող են ընդգրկվել ընտրողների ցուցակներում»։
ՆԳՆ-ից նշել են, որ 3 գործերով կայացված դատական ակտերը բողոքարկվել էին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից, դրանք բավարարվել են, դատական ակտերը բեկանվել են, և քաղաքացիական գործերի վարույթները կարճվել են:
Հիշեցնենք, որ հայտնի էր դարձել, որ Վարչական դատարանը պարտավորեցրել է ընտրողների ցուցակում ընդգրկել 3 արցախցու։ Ըստ այդ որոշման՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց քաղաքացիությունը չի կարող դադարեցված համարվել կառավարության կողմից ժամանակավոր պաշտպանություն ստանալու փաստի ուժով։
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է՝ փաստական տվյալներ են ստացվել «Հայաստան» դաշինքի ներկայացուցչի կողմից ԱԺ ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու, ինչպես նաև օրենսդրական արգելքի պայմաններում նշված կուսակցությունների դաշինքի պատգամավորի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուի կողմից միջնորդավորված եղանակով բարեգործության արգելքը խախտելու տարբեր դեպքերի մասին։
Կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
Հակակոռուպցիոնը հայտնել է նաև ռուսաստանաբնակ բլոգեր Մ․ Բ․–ի կողմից ընտրությանը մասնակցելու պայմանով ՌԴ-ում բնակվող ՀՀ հարյուրավոր քաղաքացիների ծառայություն և այլ առավելություն խոստանալու տեսքով ընտրակաշառք տալու դեպքերի մասին։
Կոմիտեից նշել են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ արտերկրում բնակվող և ենթադրյալ ընտրակաշառք ստացած քաղաքացիների ինքնությունները պարզելու և նրանց նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ։