civilnet.am: Հայաստանի պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը ԱՄՆ-ի կողմից կվաճառվի ու դրա գումարը կփոխանցվի ՀՀ-ին ոչ թե բռնագանձման գործընթացների արդյունքում, այլ Խաչատրյանների դիմումի հիման վրա։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Գագիկ Խաչատրյանի որդիների՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանների փաստաբանական թիմը՝ Vinson and Elkins LLP ընկերությունը։
Հուլիսի 8-ին հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների դատարանի որոշմամբ՝ պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող, Լոս Անջելեսի Holmby Hills թաղամասում գտնվող առանձնատունը կբռնագանձվի և ամենաբարձր շուկայական արժեքով կվաճառվի։ Վաճառքի գումարի 85 տոկոսը կանցնի ԱՄՆ-ին, որը քննարկում է այն ՀՀ-ին վերադարձնելու հնարավորությունը, իսկ մյուս 15 տոկոսը կմնա Խաչատրյաններին։
Նրանց փաստաբանական թիմի հաղորդագրության համաձայն՝ «առանձնատունը անօրինական ճանապարհով ստացված եկամուտներով ձեռք բերելու հանգամանք չի հայտնաբերվել ու չի հաստատվել», բայց հաշվի առնելով քննվող գործի խիստ երկարատևությունն ու պատճառվող հսկայական բիզնես կորուստները, առանձնատունը օտարելու համաձայնություն է ձեռք բերվել։
Լոս-Անջելեսում գտնվող առանձնատան բռնագանձման գործընթացը սկսվել էր 2022-ի ապրիլին։ Vinson and Elkins-ի հայտարարության համաձայն՝ 2024-ի հունիսի 11-ին դատարանը որոշել է դադարեցնել հետաքննությունը Խաչատրյանների նկատմամբ։
«Հետաքննության դադարեցման և բռնագանձման գործի կասեցման որոշման հենքով արդարադատության դեպարտամենտը և Խաչատրյանները համաձայնություն են ձեռք բերել հանգուցալուծելու նաև բռնագանձման մասով չկատարված պարտավությունների հարցը։ Որոշվել է, որ Holmby Hills անշարժ գույքը կվաճառվի և ստացված հասույթը կբաշխվի կողմերի միջև: Ընդ որում՝ Holmby Hills գույքի վաճառքից ստացված մի մասը կտրամադրվի Խաչատրյաններին, իսկ մյուս մասը` Խաչատրյանների դիմումով կտրամադրվի Հայաստանի Հանրապետությանը՝ ի շահ հայ ժողովրդի»,- ասված է փաստաբանների հայտարարության մեջ։
ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը որպես կաշառք էր դիտարկել գործարար Սեդրակ Առուստամյանի կողմից Խաչատրյաններին փոխառության պայմանագրերի հիմնա վրա փոխանցումներ կատարելը։ Խոսքը 22,4 միլիոն դոլարի մասին էր, որն էլ ուղղվել էր առանձնատան ձեռքբերմանը։
Ըստ «Հետք»-ի՝ առանձնատան շուկայական արժեքը 2023-ի օգոստոսի դրությամբ 46,5 միլիոն դոլար էր։
comment.count (0)