Ցանկանում եմ ընդգծել ԱՄՆ-ի հետ ՀՀ-ի գործընկերության կարևորությունը Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունների խթանման և կիբեռանվտանգության ապահովման գործում՝ ի շահ ավելի դիմակայուն և տեխնոլոգիապես զարգացած Հայաստանի: Այդ մասին ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
Ըստ նախարարի՝ բարձր տեխնոլոգիաների թվայնացման և կիբեռանվտանգության ոլորտում Հայաստանի մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ներդրումներ կատարել հուսալի թվային ենթակառուցվածքներում՝ դարձնելով Հայաստանն ավելի դիմակայուն կիբեռհանցագործությունների նկատմամբ:
«Թվայնացման գործընթացներին զուգահեռ չափազանց կարևոր է նաև հոգատար լինելն առավել խոցելի խմբերի նկատմամբ, և կիբեռանվտանգության ապահովման մեջ մեր գործունեության հիմնական ուղղությունները ներառում են թվային ենթակառուցվածքների կիբեռանվտանգության միջոցառումների կատարելագործում:
Մենք մեծապես շնորհակալ ենք ԱՄՆ-ին կիբեռանվտանգության ոլորտում Հայաստանի կարողությունների ամրապնդման գործում շարունակական աջակցության համար:
Նախորդ տարվա ընթացքում ՀՀ ԲՏԱՆ-ն Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համատեղ կիբեռկարողությունների գնահատման մի շարք վարժություններ է իրականացրել: Մենք լիահույս ենք, որ համատեղ ջանքերով առաջիկայում կկատարելագործենք այս ոլորտի օրենսդրական դաշտը, և պետության կիբեռանվտանգության կարողությունները»,- ասաց նախարարը:
comment.count (0)