azatutyun.am: Կարեն Անդրեասյանի ղեկավարած Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) մի քանի րոպե ուշանալու պատճառով զրկեց դատավոր Աննա Դանիբեկյանին դիրքորոշում հայտնելու հնարավորությունից և հեռացավ խորհրդակցական սենյակ:
Դատավոր Դանիբեկյանը երեկվա նիստին դիրքորոշում հայտնելու համար ժամանակ էր խնդրել, հարցի քննությունը պետք է շարունակվեր այսօր առավոտյան 10:00-ին, մինչ Աննա Դանիբեկյանը կհասներ, նիստերի քարտուղարը տեղեկացրեց, թե բացակայության պատճառների վերաբերյալ տեղեկություն չունեն:
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն էլ արձանագրեց. - «Այս փուլում պետք է լսեինք Աննա Դանիբեկյանի խոսքը, որը չի ներկայացել՝ չնայած պատշաճ ծանուցված է եղել, հետևաբար անցնում ենք հաջորդ փուլին»:
Դատավոր Դանիբեկյանը ԲԴԽ ժամանեց մոտ 5 րոպե ուշացումով և տեղեկացավ՝ խորհուրդն արդեն հեռացել է խորհրդակցական սենյակ իր գործով որոշում կայացնելու: Այն կհրապարակվի հուլիսի 16-ին։
Ավելի ուշ Աննա Դանիբեկյանն «Ազատության»-ը հայտնեց՝ ԲԴԽ ժամանելու ճանապարհին զանգել և տեղեկացրել է, որ նիստից երեք րոպե կուշանա: Դանիբեկյանի խոսքով՝ խորհրդի անդամները տեղյակ են եղել, որ դատարանում ինքն այսօր պատրաստվում էր ապացույցներ ներկայացնել:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի պատրաստած աղմկահարույց տեսանյութից հետո Արդարադատության նախարարությունը պահանջում է կարգապահական պատասխանատվության ենթարկել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանին:
Նախարարության գնահատմամբ՝ Դանիբեկյանը կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, որի հետևանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատվել են պատասխանատվությունից հանցանքի վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
Դատավորը հենց այս հարցով էլ պետք է դիրքորոշում հայտներ։ Ի դեպ, երեկ ԲԴԽ-ում երեք նիստ կար նշանակված, որոնցից երկուսը նշանակված ժամից մի քանի րոպե ուշ մեկնարկեցին:
comment.count (0)