ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը և ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչը քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները
21:17 - 10 հուլիսի, 2024

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը և ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչը քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները

ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը հուլիսի 10-ին իր հավատարմագրերն է հանձնել Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաև կազմակերպության առաջնայնություններին առնչվող մի շարք հարցեր։ ՀՀ մշտական  ներկայացուցիչը վերահաստատել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամակցության շրջանակում Հայաստանի կողմից ստանձնած հանձնառությունների կյանքի կոչման և կազմակերպության ծրագրային առաջնայնությունների իրականացման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրման պատրաստակամությունը։

Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իրականացվող նախաձեռնություններին՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը գլխավոր տնօրենի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներին և ընդգծել դրանք հասցեագրելու հարցում ՅՈՒՆԵՍԿՕ-ից ակնկալվող գործուն քայլերի կարևորությունը։

Նշվում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն շնորհավորել է ՀՀ մշտական ներկայացուցչին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով պատասխանատու առաքելության իրականացման գործում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել