«Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխվեց՝ վերանվանվելով «Հայաստանի պատմություն»․ համապատասխան որոշումն ընդունեց ՀՀ կառավարությունը։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է․ «Պատմության ուսուցանումը առաջին հերթին պիտի միտված լինի ժամանակակից Հայաստանի՝ Հայաստանի Հանրապետության դիրքից պատմական իրադարձությունների վերլուծությանն ու ներկայացմանը։ Այսպիսով, պատմության ուսուցանման միջոցով ՀՀ գոյությունը կներկայացվի պատմական իրադարձությունների և գործընթացների տրամաբանական շղթայի ներքո՝ նախորդող շրջանում տարբեր ձևաչափերով հայկական պետության գոյության ժամանակահատվածներում շեշտադրելով պետության գաղափարի կարևորությունը և պետականության ներքին ավանդույթը, պետության չգոյության ժամանակահատվածներում շեշտադրելով նման պետության ձևավորմանը միտված հանրային քայլերն ու ջանքերը»։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ամփոփելով նախագծի վերաբերյալ հանրային քննարկումը, հայտարարեց, որ դասագրքի ամբողջ բովանդակությունը մնալու է ծրագրի մաս, փոխվելու է դեպքերի, իրողությունները ներկայացման ձևը։
«Սա սկիզբն է, սրան պետք է հետևեն համապատասխան ուսումնական նյութերի, դասագրքերի վերանայման աշխատանքները, որ այս փոփոխությունը լինի ոչ թե պիտակի, անվան մասին, այլ լինի իրական բովանդակություն»,- ասաց Անդրեասյանը։
««Հայաստանի պատմությունը» պետության գոյության զարգացման պատմությունն է պետության չգոյության դրվագներով, իսկ «Հայոց պատմությունը» պետության չգոյության պատմությունն է՝ պետության գոյության դրվագներով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով․ որ սա անհրաժեշտ քայլ է, չի կարելի այս քայլն ուղղակի չանել։
comment.count (0)