news.am: Եվրահանձնաժողովում հայտնել են, որ իրավաբանորեն չեն կարող զրկել Հունգարիային ԵՄ Խորհրդում նախագահությունից, բայց կարող են բոյկոտել նրան։ Այս մասին «Суспільному»-ի հարցազրույցում ասել է ԵՀ արժեքների եւ թափանցիկության գծով փոխնախագահ Վերա Յուրովան։
Նա նշել է, որ որպես իրավաբան կարող է պնդել՝ Հունգարիային չեն կարող զրկել նախագահությունից ԵՄ Խորհրդում։
«Դա անելու ոչ մի հնարավորություն չկա։ Բայց մենք կարող ենք բոյկոտել եւ ցույց տալ, որ համաձայն չենք Օրբանի քաղաքականության հետ։ Դա այն է, ինչ անում ենք հիմա, եւ աստիճանաբար պատրաստվում ենք Լեհաստանի նախագահությանը, որը կսկսվի Նոր տարուց հետո»,- ասել է պաշտոնյան։
«Հունգարիայի նախագահությունը համընկնում է այն ժամանակին, երբ Խորհուրդը ոչ մի վճռական որոշում չի կայացնելու, քանի որ մենք օրենսդրական շրջանի, ինստիտուտներում մանդատները փոխելու շրջանում ենք»,- ասել է Յուրովան։
Հունգարիայի նախագահությունը ԵՄ Խորհրդում սկսվել է հուլիսի 1-ին եւ շարունակվելու է 6 ամիս, բայց այդ ժամկետը խիստ ամրագրված չէ։
Լիսաբոնի պայմանագրի 16-րդ հոդվածում նշված է այն մասին, որ նախագահությունն «իրականացվում է հավասար փոխատեղման հիման վրա», իսկ ժամկետը եւ հաջորդականությունը որոշվում են ԵՄ գագաթաժողովում։ Հավանության համար բավական է որակյալ մեծամասնության քվեարկությունը։
Հիշեցնենք, որ ԵՄ վեց երկրներ որոշել են բոյկոտել ԵՄ նախարարական հանդիպումները Հունգարիայի նախագահության ժամանակ՝ ի նշան վարչապետ Վիկտոր Օրբանի գործողությունների դեմ բողոքի, նրա «խաղաղարար առաքելությունից» հետո։
comment.count (0)