azatutyun.am: ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել է, որ մտադիր է պաշտոնապես առաջադրվել Դեմոկրատական կուսակցությունից և հաղթել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին 2024 թվականի նոյեմբերի ընտրություններում։ Այս մասին հայտնում է «Ազատության» Настоящее Время ծառայությունը։
Ավելի վաղ Ջո Բայդենը, որը հրաժարվել էր մասնակցել ընտրություններին, հորդորել էր նրան առաջադրել որպես նախագահի թեկնածու։
«Ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ՝ միավորելու Դեմոկրատական կուսակցությունը և միավորելու մեր երկիրը՝ Դոնալդ Թրամփին հաղթելու համար»,- ասել է Հարիսը։
Քանալա Հարիսը շնորհակալություն է հայտնել Բայդենին իրեն առաջադրելու համար և նախագահական մրցապայքարից դուրս գալու նրա որոշումը համարել է «անձնուրաց և հայրենասիրական»։
«Մենք 107 օր ունենք մինչև ընտրությունները։ Միասին մենք կպայքարենք։ Միասին մենք կհաղթենք»,- ասել է Հարիսը։
Դոնալդ Թրամփն էլ, մեկնաբանելով Բայդենի՝ ընտրապայքարից դուրս գալու որոշումը, հայտարարել է, թե վերջինս պատմության մեջ կմտնի որպես «վատագույն նախագահ»։
Այսպես է նա CNN-ին տված հարցազրույցում մեկնաբանել Բայդենի դուրս գալը ԱՄՆ նախագահական ընտրարշավից:
Նա նաև հայտարարել է, թե Քամալա Հարիսին հաղթելը ընտրություններում անհամեմատ ավելի հեշտ կլինի, քան Բայդենին:
Նշենք, որ տարբեր հարցումների համաձայն՝ Բայդենը պարտվել էր հանրապետական Թրամփին նախընտրական բանավեճում: Այդ ֆոնին ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները սկսեցին ակտիվորեն կոչ անել առաջադրել մեկ այլ թեկնածուի: Դեմոկրատների հավանական այլընտրանքային թեկնածուն փոխնախագահ Հարիսն է:
Տեսականորեն կուսակցությունը թեկնածուին փոխարինելու հնարավորություն կունենա օգոստոսին կայանալիք համագումարում, սակայն դրա համար անհրաժեշտ է նախնական ընտրություններում հաղթած թեկնածուի համաձայնությունը: Ավելի վաղ Բայդենը հայտարարում էր, որ մտադիր է գնալ մինչև վերջ:
ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին:
comment.count (0)