Սարգիս Խանդանյանն ընդունել է Գերմանիայից ժամանած լրագրողներին
18:45 - 23 հուլիսի, 2024

Սարգիս Խանդանյանն ընդունել է Գերմանիայից ժամանած լրագրողներին

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 23-ին հյուրընկալել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի նախաձեռնությամբ Գերմանիայից Հայաստան ժամանած լրագրողներին: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Մարսել Ռյոթիգը:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Սարգիս Խանդանյանը կարեւորել է լրագրողների այցը Հայաստան` ընդգծելով, որ այն լավ հնարավորություն է տեղում ծանոթանալու մեր երկրում տիրող անվտանգային իրավիճակին, մարտահրավերներին:

Հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին` դրանց շարքում առանձնացնելով բոլոր հարեւանների հետ նորմալ հարաբերությունների հաստատումը: Սարգիս Խանդանյանը ներկայացրել է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, հայկական կողմի ջանքերը: Հարավային Կովկասում հարատեւ խաղաղություն հաստատելու հարցում պատգամավորը կարեւորել է միջազգային հանրության դերակատարությունը:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ ընդլայնվող համագործակցությանը` հանձնաժողովի նախագահը կարեւորել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհրդի` Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու, ինչպես նաեւ մեր երկրին Եվրոպական խաղաղության գործիքի ներքո աջակցություն տրամադրելու վերաբերյալ կայացրած որոշումը:

Սարգիս Խանդանյանը պատասխանել է լրագրողների բազմաթիվ հարցերին, մանրամասն ներկայացրել Հայաստանի կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել