Երևանի տարբեր վարչական շրջաններում իրականացված անորակ փոսալցման աշխատանքներից դժգոհ էին շատերը, այդ թվում ինքը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ինֆոքոմը» դիտարկել և հայտնաբերել էր ասֆալտապատման նորմերի խախտումներ, որոնք, սակայն, այդ գործի համար քաղաքային բյուջեից վճարվողները՝ տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունները, չէին արձանագրել։
Ըստ քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրի՝ տեխհսկողները պետք է հսկեին իրականացված աշխատանքի համապատասխանությունը տեխնիկական բնութագրերին։ Տեխհսկող ընկերությունները պարտավոր էին ամենօրյա ռեժիմով լուսանկարահանել շինարարության օբյեկտի վիճակը, գնահատել ասֆալտապատողի կատարած աշխատանքի որակը, իսկ պայմանագրային պարտավորություններից շեղվելու դեպքում՝ այդ մասին տեղյակ պահել պատվիրատուին՝ քաղաքապետարանին։ Տեխհսկողները պետք է նաև գրանցամատյաններում ամենօրյա ռեժիմով արձանագրեն իրենց կատարած աշխատանքը, ներկայացնեն ընթացիկ և ավարտական հաշվետվություններ։
Հաշվի առնելով փոսալցման աշխատանքների ընթացքում հայտնաբերված մի շարք խախտումները՝ Երևանի քաղաքապետարանին հարցրել էինք, թե ի՞նչ խախտումներ են արձանագրել վերահսկող կազմակեպությունները։ Խնդրել էինք նաև տրամադրել վարման մատյանները, ընթացիկ և ավարտական հաշվետվությունները և ամենօրյա ռեժիմով արված լուսանկարները։
Հարցումից 38 օր անց քաղաքապետարանից ստացել ենք թվով 129 լուսանկար՝ արված բոլոր վարչական շրջաններում։
Նկատենք, որ, օրինակ, Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում իրականացված աշխատանքների տեխհսկող Ա/Ձ Վահրամ Կնյազյանը տրամադրել է ընդամենը 7 լուսանկար։ Սա կամ նշանակում է, որ նշված երկու վարչական շրջաններում ընդամենը յոթ փոս են լցրել, իսկ տեխհսկողն այդ փոսերը լցման աշխատանքները հսկել և լուսանկարել է ընդամենը մեկ անգամ։ Կամ տեխհսկողը ոչ բոլոր օրերին և ոչ բոլոր փոսերի լցման աշխատանքներն է վերահսկել; Ի դեպ՝ տեխհսկողություն իրականացնող 2 ընկերություններն էլ որևէ խախտում չեն արձանագրել։
Երեկ վերոնշյալ 7 լուսանկարները մեզ հետ տարել էինք քաղաքապետ Տիգրան Ավինյանի ասուլիսին՝ խնդրելով նրան մեկնաբանել, թե արդյո՞ք քաղաքային իշխանությունը բավարարված է փոսալցման աշխատանքների տեխհսկողության որակով։
Մեր հարցին ի պատասխան՝ քաղաքապետը նշեց, որ տեխհսկողության համակարգից ընդհանուր առմամբ դժգոհ են, քանի որ օրենսդրությունն ու ստանդարտները թույլ են տալիս տարբեր տեխհսկող ընկերությունների մասնակցել մրցույթներին՝ ցածր գներով։
«Բայց, այնուամենայնիվ, բովանդակության և որակի տեսանկյունից դա մեզ չի բավարարում շատ դեպքերում, և ստիպված մեր Շինբարեկարգման վարչությունը, կամ հասարական կարգի պահպանման ծառայությունը նմանատիպ դեպքերում պետք է գնան և վերահսկողություն իրականացնեն, այսինքն՝ խնդիրն, այո, համալիր է, հիմնային է»,- նշեց քաղաքապետը՝ հավելելով, որ կարող ենք վստահ լինել, որ անորակ աշխատանքը Երևանի քաղաքապետարանը չի ընդունելու։
Վստահ լինել չենք կարող, քանի որ Ա/Ձ Վահրամ Կնյազյանն, օրինակ, թերի տեխհսկողություն իրականացնելուց հետո կրկին նոր պայմանագիր է ստորագրել քաղաքապետարանի հետ։
Մեր այս դիտարկմանը քաղաքապետն արձագանքեց. «Շատ, շատ, շատ տեխհսկող կազմակերպություններ գնում են սև ցուցակներ։ Ես տենց բազմաթիվ կազմակերպություններ սև ցուցակ ուղարկելու գրություններ եմ ուղարկել Ֆինանսների նախարարություն։ Եթե Ձեր նշած կազմակերպությունը մասնակցել է և գնումների օրենսգրքին համապատասխան շահել է մրցույթը, ուրեմն ենթադրաբար սև ցուցակում չէ և դեռևս իր աշխատանքից դժգոհ չենք, այսինքն՝ եթե այդ ընկերությունը դեռ տեխհսկողություն է իրականացնում, նա 99 տոկոս հավանականությամբ դեռևս խախտում չի իրականացրել»։
Ստիպված եղանք կրկին անգամ նշել, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում մոտ 2 ամիս տևած փոսալցման աշխատանքներից 7 լուսանկար ունենալն արդեն իսկ խախտում է, ինչին ի պատասխան՝ Ավինյանը արձագանքեց. «Ես անկեղծորեն ուրախ եմ, որ դուք օգնում եք մեզ այստեսակ հարցերում, բայց նորից կուզենայի շեշտել, որ ինձ [համար] դժվար կլինի ձեր հարցին պատասխանել։ Դուք անում եք X պնդումը, որը ես չեմ կարող հավաստել՝ դա այդպես է, թե այդպես չէ։ Ճիշտ կլինի շինբարեկարգման վարչության պետին էս հարցը տաք կամ հարցում ուղարկեք, դետալային հասկանանք և ձեզ պատասխանենք»,- ասաց Տիգրան Ավինյանը։
«Ինֆոքոմն», իհարկե, հետևողական կգտնվի և կուղարկի հերթական տեղեկատվության հարցումը քաղաքապետարան՝ հետևելով Տիգրան Ավինյանի հորդորին։ Սակայն պետք է նաև արձանագրել, որ մեր ուղարկած գրեթե բոլոր հարցումներին պատասխանելու համար քաղաքային իշխանությունը 30-օրյա ժամկետ է սահմանում՝ երբեմն խախտելով նաև սահմանված այդ ժամկետները։
Ջուլիետտա Հովհաննիսյան
comment.count (0)