Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի` Ազգային ժողովում հնչեցրած հայտարարության առթիվ նախաձեռնված քրեական վարույթը կարճվել է։
«Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Հիշեցնենք՝ 2023 թ․ նոյեմբերին՝ Ազգային ժողովում ԿԿՀ անդամի ընտրության ժամանակ, ԿԿՀ արդեն նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը հայտարարել էր պաշտոնավարման ընթացքում իր նկատմամբ ճնշման փորձի մասին։ Հարությունյանի խոսքից պարզ էր դարձել, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակցի կողմից զանգ է եղել՝ կոնկրետ թեկնածուի բարեվարքության վերաբերյալ ԿԿՀ-ի տված բացասական եզրակացության առնչությամբ։
Նշենք, որ օրենքով սահմանված որոշ պաշտոնների հավակնող թեկնածուների բարեվարքության վերաբերյալ նախքան քվեարկությունը ԿԿՀ-ն եզրակացություն է տալիս, որը ունի խորհրդատվական բնույթ։
Հարությունյանի հայտարարության հիման վրա նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու դեպքի առթիվ։
Մարինա Օհանջանյանի փոխանցմամբ՝ վարույթը կարճվել է Քրեական դատավարության 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին հիմքով՝ հաստատվել է քրեական օրենսգրքով նախատեսված որեւէ հանցանքի բացակայությունը։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)