Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի․ ՄԻՊ
10:47 - 27 հուլիսի, 2024

Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի․ ՄԻՊ

«Այսօր կանանց առաջնորդությունը շատ ավելի մարտահրավերային է, քան՝ տղամարդկանցը։ Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի», - իր ելույթում նշել է մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 26-ին «Կանանց մասնակցության խթանումը քաղաքական և քաղաքացիական կյանքում» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկման ժամանակ․

 «Միջոցառման նպատակն էր բարելավել երիտասարդ կանանց և աղջիկների ակտիվ ներգրավվածությունը ժողովրդավարական գործընթացներում։ Մասնակցել է Շիրակի մարզից 25 կին:

Իր ելույթում Անահիտ Մանասյանն անդրադարձել է առաջնորդության գաղափարին, կին առաջնորդների համար առկա մարտահրավերներին, կանանց իրավունքների պաշտպանության և խթանման բնագավառում առկա խնդիրներին։ 

 «Առաջնորդության գաղափարը տիտղոսներ ունենալու ու հերոսի կերպար ձևավորելու մեջ չէ, այն կենսակերպ է, որի առանցքը մարդկանց կյանքում որևէ դրական փոփոխություն կատարելն է: Այսօր կանանց առաջնորդությունը շատ ավելի մարտահրավերային է, քան՝ տղամարդկանցը։ Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի։ 
Միևնույն ժամանակ, եթե ընտրել եք ինչ-որ ճանապարհ թե՛ ձեր, թե՛ մարդկանց կյանքում փոփոխություններ կատարելու համար՝ երբեք չընկճվեք այս բոլոր մարտահրավերներից: Մենք ինքներս պետք է լինենք այն փոփոխությունների հեղինակը, որ ուզում ենք մեր միջավայրում տեսնել, իսկ մեր կյանքի որակը պետք է որոշենք` մեր իսկ կատարած ընտրությունների և ընդունած որոշումների արդյունքում: Ավելին, կենսափորձիս հետևանքով համոզվել եմ, որ անախորժությունների դեմ պայքարելու փոխարեն դրանք պարզապես պետք է ընդունել որպես հնարավորություն, և «փոքր» գործերի միջոցով փորձել մարդկանց կյանքում իրական փոփոխություններ մտցնել: Ամենակարևոր գաղափարներից մեկը, որ սովորել եմ կյանքում, այն է, որ պետք չէ կառչել արդյունքներից, այլ անհրաժեշտ է վայելել կյանքի յուրաքանչյուր ակնթարթը: Վստահ եմ նաև, որ յուրաքանչյուրն իր համար պետք է գտնի կյանքի այնպիսի բանաձև, որն իրեն իրապես ներդաշնակ կդարձնի», - ասել է Անահիտ Մանասյանը: 

Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծել է, որ կանանց ներգրավվածությունը կարևոր է կառավարման ոչ միայն միջին, այլ նաև որոշումների կայացման մակարդակում: 

Քննարկումը կազմակերպել է «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունը՝ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) աջակցությամբ», - նշված է ՄԻՊ-ի հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել