Հուլիսի 28-ից 30-ը Երևանում և մարզերում կլինի հեպատիտներ Բ-ի և Ց-ի անվճար հետազոտություններ անցնելու հնարավորություն․ ԱՆ
11:52 - 28 հուլիսի, 2024

Հուլիսի 28-ից 30-ը Երևանում և մարզերում կլինի հեպատիտներ Բ-ի և Ց-ի անվճար հետազոտություններ անցնելու հնարավորություն․ ԱՆ

Հուլիսի 28-ից 30-ը հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում Երևանում և մարզերում կլինի հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի  անանուն և անվճար հետազոտություններ անցնելու հնարավորություն։
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից․
 
«Այսօր Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է։
Վիրուսային հեպատիտը լյարդի բորբոքում է, որը հանգեցնում է լյարդի բջիջների ոչնչացմանը:
Կան տարբեր տեսակի հեպատիտի վիրուսներ (Ա-ից Ե),  սակայն ամենամտահոգիչն են հեպատիտ Բ-ն և Ց-ն. դրանք ամեն օր առաջացնում են վարակման շուրջ 8000 նոր դեպք, որոնք հիմնականում չեն հայտնաբերվում: 

Հեպատիտ Բ-ի դեմ պայքարում են կանխարգելիչ պատվաստումով, իսկ հեպատիտ Ց-ի համար առկա է արդյունավետ բուժում: 

Հայաստանում հեպատիտների կանխարգելման և վերահսկման ծրագրի գործադրումից հետո նվազել են հեպատիտների սուր և քրոնիկ դեպքերը, բարելավվել դեպքերի վաղ հայտնաբերումը: 
Հեպատիտ Ց-ի արդյունավետ բուժումն իրականացվում է պետության հովանու ներքո` անճար, հաստատված կարգի համաձայն: Վաղ հայտնաբերման դեպքում բուժումն ապահովում է շուրջ 100% արդյունավետություն:

2020-2023թթ. ընթացքում բուժում է ստացել շուրջ 2569 պացիենտ:
2024թ. բուժվել կամ բուժման փուլում է 456 պացիենտ: 

Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում հնարավորություն ունեք հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի  ԱՆՎՃԱՐ և ԱՆԱՆՈՒՆ հետազոտություններ անցնելու Երևանում և մարզերում:
Շարժական կլինիկաները կլինեն հետևյալ ժամանակացույցով`
հուլիսի 28- Երևան (Ազատության հրապարակ, ժամը 14:00-20:00),
հուլիսի 29- Գյումրի (Քըրք Քըրքորյանի արձանի հարակից տարածք, ժամը 11:30-17:30),
հուլիսի 29- Վանաձոր (Արցախի պուրակի մոտակայք, ժամը՝ 11:30-17:30),
հուլիսի 30- Արտաշատ (գյուղատնտեսական շուկայի հարակից տարածք, ժամը՝ 11:30-17:30),
հուլիսի 30- Աբովյան քաղաք (Հանրապետության փողոց, ժամը՝ 11:30-17:30),
հուլիսի 30- Գավառ քաղաք (նախկին գյուղատնտեսական շուկայի հարակից տարածք, ժամը՝ 11:00-17:00):

Հետազոտությունները կուղեկցվեն նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ», - նշված է նախարարության հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել