- Կատարվածի մեջ Ձեր մեղավորությունը տեսնո՞ւմ եք։
- Տեսնում եմ։
Դատարանում երեկ այսպես ավարտվեց 44-օրյա պատերազմի ժամանակ Կապանի ինքնապաշտպանական խորհրդի նախագահի 1-ին տեղակալ-շտաբի պետի պաշտոնը փաստացի զբաղեցրած, պահեստազորի գնդապետ Վարդան Ալեքսանյանի հարցաքննությունը։
Քիմիկների զորամասի անվանումը ստացած քրեական գործով Ալեքսանյանը առանցքային անձ է․ նրան է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի՝ այդ ժամանակվա տեղակալ, գեներալ Անդրանիկ Մակարյանը հանձնարարել 2020 թ․ հոկտեմբերի 21–ին կազմակերպել փոխգնդապետ Արսեն Աբգարյանի ղեկավարած 62–հոգանոց անձնակազմի՝ «Կիրի հանք» տեղանք ուղեկցումը։ Արսեն Աբգարյանը Էջմիածնում գտնվող Քիմիկների զորամասի հրամանատարն էր, ուստի թե՛ նա, թե՛ անձնակազմը այդ տեղանքին լավ ծանոթ չէին։
Ուղեկցման սխալ կազմակերպման հետեւանքով Կերեն գյուղում տեղակայված ոստիկանական հենակետում իջնելու փոխարեն անձնակազմը հասել է դրանից շուրջ 5-6 կմ հեռու գտնվող Կովսական քաղաք (Զանգելան), որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ։ 5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի եւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։
Անդրանիկ Մակարյանն այժմ մեղադրվում է անձնական շահագրգռվածությունից ելնելով իշխանության անգործություն ցուցաբերելու, իսկ Արսեն Աբգարյանը՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ։ Վարդան Ալեքսանյանն ունի վկայի կարգավիճակ։
Ըստ Վարդան Ալեքսանյանի՝ իրենք իմացել են, որ հակառակորդը Կովսականում է
Հոկտեմբերի 20-ին ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը խորհրդակցություն է հրավիրել, տեղեկացրել, որ Կովսականում հակառակորդի դիվերսիոն խումբ է ներթափանցել, որոնց հայտնաբերելու եւ ոչնչացնելու նպատակով հաջորդ օրը երկու ստորաբաժանում պետք է մեկնի․ առաջինը՝ իր հետ միասին Ներքին հանդ, երկրորդը՝ Արսեն Աբգարյանի հետ Սյունիք սովխոզ ուղղություններով։
Վարդան Ալեքսանյանը պատմեց՝ այդ խորհրդակցության ժամանակ երկրորդ անձնակազմի ուղեկցումը կազմակերպելու հանձնարարություն է ստացել, սակայն ուղեկցողների խնդիր է ծագել․ մարդիկ հրաժարվում էին ուղեկցել, վախենում էին։
– Գուցե վախենում էին, որովհետեւ գիտեի՞ն, որ Զանգելանն արդեն գրավված է,– հարցրեց տուժողի իրավահաջորդ Անահիտ Ադոյանը,– Դուք գիտեի՞ք։
– Այո։
– Ու իմանալով տարա՞ք։
– Նրանք Զանգելան չպիտի մտնեին։
– Ումի՞ց էիք իմացել, որ գրավված է։
– Անդրանիկ Մակարյանից։
Վկայի այս պատասխանը զայրացրեց ծնողներին․ վերջիններս սկսեցին վիրավորական արտահայտություններ հնչեցնել Մակարյանի հասցեին։ Նիստն ընդմիջվեց։
Ավելի ուշ Անդրանիկ Մակարյանի պաշտպան Գոռ Սաղոյանը վկային հարցրեց՝ Մակարյանը բառացի ասել է, որ գրավվա՞ծ է, թե՞ ասել է, որ դիվերսիոն խումբ է ներթափանցել։ Ի պատասխան՝ վկան ասաց՝ երկրորդը՝ ակնարկելով, որ եթե հակառակորդն այնտեղ է, բա էլ ի՞նչ է նշանակում, եթե ոչ գրավում։
Ամբաստանյալ Անդրանիկ Մակարյանը, պաշտպան Գոռ Սաղոյանը
– Այսինքն՝ Դուք այդպես եք ընկալել,– ասաց պաշտպանը։
– Ինքը չի ընկալել է, բոլորը իմացել են, որ նախորդ օրը Զանգելանը գրավել են, դրոշն է տեսել, դիվերսիոն խումբը պիտի գար՝ դպրոցի գլխին դրոշ դնելո՞ւ,– վրդովվեց Անահիտ Ադոյանը։
Ի վերջո, որոշվել է, որ ուղեկցումը կիրականացնեն երկու հոգի․ սկզբում՝ Ալեքսանյանի վարորդը՝ Համբարձում Փարամազյանը, իսկ ճանապարհի մնացած հատվածը՝ կամավոր Արման Նուրիջանյանը։ Երկրորդ ուղեկցողի հարցը, ըստ վկայի, Անդրանիկ Մակարյանն է լուծել։ Անձամբ նաեւ վերահսկել է թե ոչ՝ տեղյակ չէր։ Այս առնչությամբ Մակարյանը հակադարձեց՝ ինչպես կարո՞ղ էր ԳՇ պետի՝ Երեւանից ժամանած տեղակալը այդքան պարզունակ հարցով զբաղվել։
Վկայի համոզմամբ՝ խնդիրն այն է եղել, որ անձնակազմին ուղեկցողը փոխվել է
Արսեն Աբգարյանի պաշտպան Դավիթ Դավիդյանն ընթերցեց ուղեկցող ընտրելու՝ Մարտական կանոնադրությամբ սահմանված կարգը, ըստ որի՝ ոչ միայն պետք է, որ ուղեկցողը տեղանքին ծանոթ լինի, այլ նրան նշանակողը պետք է անձամբ այդպիսի համոզմունք ունենա։ Առաջին ուղեկցողին Ալեքսանյանն անձամբ ճանաչել է, երկրորդին՝ ոչ․ ասաց՝ գյուղապետին է ճանաչել, նրան է հարցրել։
Ամբաստանյւալ Արսեն Աբգարյանը, նրա պաշտպան Դավիթ Դավիդյան
– Իրավունք ունեի՞ք տվյալ հրամանը վերահասցեագրելու,- հարցրեց Դավիդյանը։
– Չեմ վերահասցեագրել, ասել եմ, որ հրամանը չեմ կարող կատարել, որովհետեւ հրաժարվում են,– ասաց Ալեքսանյանը՝ հավելելով, որ առաջարկել է նաեւ անձամբ ուղեկցել, սակայն Մակարյանը թույլ չի տվել։ Թե ինչու, վկան չգիտեր։ Անձնակազմին երկրորդ ուղեկցողի մոտ հասցնելուց հետո նա միացել է Մակարյանի՝ Ներքին հանդ մեկնած խմբին։
Վարդան Ալեքսանյանի կարծիքով՝ խնդիրը հենց այն է եղել, որ ուղեկցողը փոխվել է․ եթե ուղեկցումը շարունակեր իր վարորդը, այս հետեւանքները, ըստ նրա, չէին լինի։
– Ո՞վ է եղել հրաժարվողը,- հարցրեց պաշտպանը։
– Ջոկատի զինվոր՝ Աշոտ անունով։
– Իրավունք ունե՞ր հրաման չկատարելու։
– Ոչ։
– Որպես վերադաս՝ ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել։
– Ոչ մի բան էլ չեմ արել,– պատասխանեց վկան։
Հարցին՝ երկրորդ ուղեկցողի՝ Արման Նուրիջանյանի հետ ո՞նց է կապը պահել, գնդապետը պատասխանեց՝ բջջայինով կապի մեջ է եղել առաջին ուղեկցողի՝ Համբարձումի հետ, ստացել հավաստիացում, որ վերջինս Արմանին եւս մեկ անգամ տեղեկացրել է, թե անձնակազմին մինչեւ ուր պիտի ուղեկցի։ Ի պատասխան հարցին, թե ինչու ինքն անձամբ Արմանի հետ չի խոսել, վկան ասաց՝ նրա բջջայինը չի ունեցել։
– Դուք եք ղեկավարը, ինչո՞ւ է Ձեր վարորդը այդ հարցով զբաղվել։ Չէ՞ որ մեծ խումբ էր, ցանկացած շեղում կարող էր ճակատագրական լինել,– հարցրեց հանրային մեղադրող Արսեն Մարտիրոսյանը։
– Տենց է ստացվել,– պատասխանեց վկան։
Դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց։
Ալեքսանյանի խոսքով՝ ինքը ոստիկաններին տեղեկացրել է սպասվող օպերացիայի մասին
Վարդան Ալեքսանյանը պատմեց, որ դեպքի նախորդ գիշերն իր վարորդի հետ մեկնել է Կերեն գյուղի տարածքում տեղակայված ոստիկանական հենակետ եւ ոստիկաններին տեղեկացրել, որ հաջորդ օրը օպերացիայի մեկնող անձնակազմ է գալու, որը պետք է իրենց հենակետում իջնի, ապա ոտքով շարունակի ճանապարհը։ Ոստիկաններին պարզապես տեղեկացրե՞լ է, թե՞ նաեւ խնդիր տվել անձնակազմի ավտոբուսները կանգնեցնելու՝ վկան այդպես էլ չկարողացավ հստակ ասել։ Նշեց՝ ավտոբուսի վարորդները ինքնագլուխ չէին քշի անցնի, եթե հրահանգավորված լինեին, այդտեղ կկանգնեին։
Հանրային մեղադրողներ Արշակ Մարտիրոսյանը, Դավիթ Նավասարդյանը
– Հրամանը չեն կատարել, ճի՞շտ է,- հարցրեց մեղադրող Արսեն Մարտիրոսյանը։
– Այո։
– Բա ո՞վ հրաման տվեց, որ [հենակետում] չկանգնեն։
– Ես չեմ կարող ասել, ես [ավտոբուսի] վարորդի հետ գործ չունեմ։ Հետագայում նրան հարցրել եմ, ասել է՝ ոչ մեկը չի կանգնել, մենք էլ չենք կանգնել։
– Իսկ ոստիկաններին ինչո՞ւ էիք տեղեկացնում։
– Լրացուցիչ երաշխիք էր։
– Բա ինչո՞ւ ձախողվեց։
– Պատճառը անփութությունն է, անտեղյակությունն է, չեմ կարող ասել։
– Չե՞ք պարզել՝ ում անփութությունն էր, ո՞վ իր տեղում չէր։
– Որ երկրորդ ուղեկցողը չի կատարել հրամանը․ եթե կատարեր, պիտի ոստիկանական հետակետում կանգնեին, իսկ ինքը պատճառաբանել է, որ իրեն Կարեն անունով մեկն ասել է՝ պետք է ուղեկցել մինչեւ Փոքր Զանգելան։ Նշենք, որ Փոքր Զանգելանը գտնվում է նախապես որոշված ոստիկանական հենակետից հետո՝ ավելի խորքում։
Վկայի ցուցմունքներում էական հակասություններ կային
Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը հայտարարեց, որ վկայի ցուցմունքում էական հակասություններ կան եւ միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքից մի դրվագ։ 2021 թ․ հարցաքննվելիս վկան ասել էր, թե ուղեկցման վայրը նշելիս երկրորդ ուղեկցող Արմանն ասել է, որ մեքենայի վրա գործ անելիս է եղել եւ չի լսել, լավ չի հասկացել խնդիրը։
Վկան պարզաբանեց, որ երկու հանդիպում է եղել․ առաջինը՝ հենց այդ օրը, երբ Արմանն ասել է, որ ճիշտ չի հասկացել, իսկ երկրորդ հանդիպման ժամանակ արդեն տվել է Կարենի անունը։ Վկայի կարծիքով՝ արժանահավատ է առաջին պատասխանը։ Ի պատասխան հարցին, թե ինչու նախաքննության ժամանակ քննիչին այդ մասին չի հայտնել, վկան միայն լռեց։ Դատախազները հետաքրքրվեցին՝ կա՞ ինչ–որ բան, որ իրեն կաշկանդում է խոսել, սակայն նա բացասական պատասխանեց։
Մեկ այլ հակասություն էլ մատնանշեց Անդրանիկ Մակարյանի պաշտպան Գոռ Սաղոյանը, ընդգծեց՝ դատարանում ցուցմունք տալիս վկան ասաց, որ երբ ինքը Մակարյանին հայտնել է, որ հրաժարվում են ուղեկցել, Մակարյանն ասել է, որ ինքը կլուծի այդ հարցը, մինչդեռ նախաքննության ժամանակ՝ Մակարյանի հետ առերեսվելիս, բացատրել է, որ Մակարյանը դա հարցի տեսքով է ասել՝ իբր այդ հա՞րցն էլ ինքը պիտի լուծի։
Ալեքսանյանը պնդեց իր առաջին ցուցմունքը, փորձելով պարզաբանել հակասությունը՝ ասաց՝ առերեսման ժամանակ բառերին ուշադրություն չի դարձրել։
Դատավորի հարցին՝ ո՞վ է հավանություն տվել, որ Աղաջանյանն ուղեկցման կազմակերպմամբ զբաղվի, վկան պատասխանեց՝ համայնքապետ Գեւորգ Փարսյանը։
Ի վերջո, Ալեքսանյանը ընդունեց, որ ինքը հետեւողական չի եղել։
Առաջին ուղեկցողի ցուցմունքը հակասում էր ե՛ւ իր նախաքննական, ե՛ւ Ալեքսանյանի ցուցմունքին
Դատարանում հարցաքննվեց նաեւ առաջին ուղեկցողը՝ վարորդ Համբարձում Փարամազյանը։ Վերջինս հոկտեմբերի 10-ի մոտակայքում է զորակոչվել որպես կամավոր։
Վկա Համբարձում Փարամազյանը, նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը
Փարամազյանը պատմեց, որ դեպքի նախորդ օրը հանդիպում է եղել, որին ներկա են եղել ինքը, Վարդան Ալեքսանյանը, գյուղապետը, Արման Նուրիջանյանը եւ եւս մի անձ․ «Ալեքսանյանը հետաքրքրվեց, թե տեղանքը ով գիտի, մի հոպար ասաց՝ ես գիտեմ, հետո հրաժարվեց, վախեցավ թե ինչ՝ չգիտեմ, գյուղապետը ասաց՝ Արմանը, որոշեցին, որ Արմանը պիտի տանի, նա էլ ասաց՝ կտանեմ»։ Ըստ Փարամազյանի՝ անձամբ ինքը ոչ մի բանից չի հրաժարվել․ եթե ասեին, որ ամբողջ ճանապարհը ինքը պետք է ուղեկցի, կաներ, թեեւ տեղանքին լավ ծանոթ չէր։
Տուժողները հարցրին՝ բա ինչպե՞ս էր Ալեքսանյանը քիչ առաջ ասում, թե ինքը երկրորդ ուղեկցողին չի ճանաչել, չի տեսել։
– Ո՞նց չի ճանաչում, ես տեսել եմ հրահանգավորելը, – պնդեց Փարամազյանը։
Դրանից հետո, ըստ վկայի, ինքն ու Ալեքսանյանը գնացել են հիշյալ հենակետ՝ ոստիկաններին տեղեկացնելու, որ ավտոբուսները հենակետը չպիտի անցնեն։ Ըստ վկայի՝ ոստիկանները մոտ վեց հոգի կլինեին, մինչդեռ Ալեքսանյանը ասաց՝ ընդամենը երեքն էին։
Առավոտյան արդեն, երբ Համբարձում Փարամազյանը եկել է զորամաս, Վարդան Ալեքսանյանն ասել է, որ ինքն ուղեկցելու է մինչեւ Սյունիք սովխոզ՝ աղբյուրի մոտ, որտեղ նրան սպասելու է երկրորդ ուղեկցողը՝ Արման Նուրիջանյանը։
Հանրային մեղադրողը դարձյալ նշեց, որ այս վկայի ցուցմունքներում էլ էական հակասություններ կան։ Նախաքննության ժամանակ վկան ասել էր, թե չգիտի՝ ով է երկրորդ ուղեկցողը, որ պետք է իրեն սպասեր։ Փորձելով պարզաբանել՝ վկան ասաց՝ անունը չգիտեր, բայց դեմքով ճանաչում էր։
Վկայի խոսքով՝ Կապանից դուրս գալուց հետո մոտ 30 րոպե գնացել են՝ ճանապարհի կեսից ավելին թողնելով երկրորդ ուղեկցողին։ Երբ հասել են աղբյուրի մոտ, եղել է ինքը, գյուղապետը, երկու փոխգնդապետ եւ Արմանը։ Ըստ վկայի՝ Արմանը մեքենայի յուղով էր զբաղված, բայց երբ ինքը լրացուցիչ անգամ ասել է, որ ոստիկանական հենակետը չպիտի անցնեն, նա հաստատել է, ասել է՝ լավ։ Դրանից հետո ինքը մեկնել է Ներքին հանդ, ավելի ուշ իմացել, որ զորքը շրջափակման մեջ է ընկել։
Նախատեսված հենակետի մոտ ոչ ուղեկցողը, ոչ էլ ոստիկանները զորքի ավտոբուսները չեն կանգնեցրել։
– Ի՞նչն է պատճառը, որ հենակետն անցել են։
– Ես ի՞նչ իմանամ։
– Արմանի հետ չե՞ք խոսել այդ մասին։
– Չէ, Արմանն ինձ առերեսման ժամանակ տեսավ, ասաց՝ քեզ չեմ ճանաչում,– պատասխանեց վկան։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 5-ին։
Գլխավոր լուսանկարում՝ գնդապետ Վարդան Ալեքսանյանը
Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան
comment.count (0)