hetq.am: Հիփոթեքային վարկից քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկը հարկելու մասին քննարկումներ են սկսվել: «Հետք»-ի աղբյուրից ստացված աշխատանքային փաստաթղթումնման գաղափար է առաջարկում Ֆինանսների նախարարությունը։ Փաստաթուղթը ստորագրված չէ, դեռևս հանրային քննարկման չի ներկայացվել: Մեր աղբյուրի պնդմամբ՝ նախագծի հեղինակները Ֆինանսների նախարարության մասնագետներն են, որոնք այժմ էլ ներքին աշխատանքային շրջանակներում քննարկում են այս գաղափարը։
Ֆինանսների նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնում են, որ այս պահին պաշտոնապես հանրային քննարկման ներկայացված տարբերակ չկա։ Բայցև չեն ժխտում, որ միջգերատեսչական մակարդակում քննարկվում են եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը որոշակիորեն սահմանափակելու հարցեր։
«Ծրագրի արդյունքում համեմատաբար բարձր աշխատավարձ ստացողները փաստացի եկամտային հարկ չեն վճարում կամ վճարում են փոքր չափով»
Ըստ մեր ձեռքի տակ հայտնված աշխատանքային փաստաթղթի՝ առաջարկվում է վերադարձվող եկամտային հարկը համարել եկամուտ քաղաքացիների համար և հարկել եկամտային հարկով։ Ենթադրվում է, որ եթե օրինակ քաղաքացին հետ է ստանում 120 հազար դրամ եկամտային հարկի չափով գումար,ապա՝ այդ 120 հազար դրամը պետք է հարկել եկամտային հարկով, որի դրույքաչափն այսօր 20% է։ Կստացվի, որ 120 հազար դրամ հետ ստանալու փոխարեն քաղաքացին կստանա 96 հազար դրամ, քանի որ 24 հազար դրամը կրկին պետք է որպես եկամտային հարկ վճարի։
«Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի վճարած տոկոսների գումարների չափով վերադարձված գումարները ենթակա են եկամտային հարկով հարկման»,- ասվում է նշված աշխատանքային փաստաթղթում։
Ըստ նախագծի հեղինակների՝ հաշվի առնելով այն, որ վարկունակ են և վարկեր են ստանում հիմնականում համեմատաբար բարձր աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ ստացող ֆիզիկական անձինք՝ գործնականում ստացվել է այնպես, որ համակարգից առավելապես օգտվում են նշյալ անձինք. «Արդյունքում համեմատաբար բարձր աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ ստացող ֆիզիկական անձինք փաստացի եկամտային հարկ չեն վճարում կամ վճարում են փոքր չափով (քանի որ եկամտային հարկի գումարները ամբողջությամբ կամ հիմնականում հետ են ստանում), իսկ համեմատաբար ցածր եկամուտներ ստացող անձինք վճարում են 20 տոկոսի չափով եկամտային հարկ (քանի որ համակարգի շահառու չեն)։
Ընդ որում՝ այս աշխատանքային փաստաթղթից անհասկանալի է՝ արդյոք այս փոփոխությունը վերաբերելու՞ է արդեն ներկա շահառուներին, թե՞ այն տարածվելու է նոր շահառուների վրա։
Հիշեցվում է, որ եկամտային հարկի վերադարձման համակարգի սպասարկմանն ուղղվող՝ պետական բյուջեի միջոցների չափը, հատկապես վերջին տարիներին, էականորեն աճել է և դեռևս շարունակում է աճել։
Եզրակացվում է, որ եկամտային հարկի վերադարձման համակարգի շրջանակներում պետական բյուջեից կատարվող ծախսերը էական են և յուրաքանչյուր տարի աճում են՝ մեծ բեռ դառնալով պետական բյուջեի վրա: Բացի այդ, վերջին տարիներին աճել է նաև համակարգից օգտվողների քանակը։
Ֆինանսների նախարարություն. «Այս փուլում պաշտոնապես հանրային քննարկման ներկայացված տարբերակ չկա»
Ֆինանսների նախարարության դիրքորոշումն այն է, որ պետք է աստիճանաբար սահմանափակել եկամտային հարկի վերադարձի կիրառության շրջանակները։
Ինչպես բազմիցս նշել են Կառավարության ներկայացուցիչները, այն բեռ է պետական բյուջեի համար, որը տարբեր նախագծերով աստիճանաբար սահմանափակվում է։ Վերջին նախագծերից մեկով, ինչպես մեր հարցմանն ի պատասխան հիշեցնում են Ֆինանսների նախարարությունից, սահմանափակվեց վերադարձվող եկամտային հարկի չափը՝ եռամսյակում այն չի կարող գերազանցել 750 հազար դրամը։ 2027 թվականի հունվարի 1-ից ծրագիրը չի գործի երևանամերձ մարզերում, իսկ 2029-ից՝ մյուս բոլոր մարզերում (բացառությամբ սահմանամերձ բնակավայրերի): Երևանում այն ևս, ըստ գոտիականության, սահմանափակվել է։
Այս համատեքստում նախարարությունից շեշտում են, որ ներկա փուլում նույնպես միջգերատեսչական մակարդակում քննարկվում են եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը որոշակիորեն սահմանափակելու հարցեր։ Ընդ որում, քննարկվում են տարբեր մոտեցումներ։ «Հետևաբար, այս փուլում պաշտոնապես հանրային քննարկման ներկայացված տարբերակ չկա»,- նշված է պատասխանում։
Գրավոր հարցմամբ նախարարությանը հստակ հարցեր ենք տվել մեր աղբյուրից ստացված նախագծի վերաբերյալ, սակայն դրան նախարարությունը որոշակի չի պատասխանել։ Ոչ հերքել է, որ նման գաղափար կա, ոչ էլ՝ հաստատել։
Միայն նշվում է, որ երբ քննարկումների արդյունքում եկամտային հարկի վերադարձի մասին որոշումներ լինեն, դրանք օրենսդրությամբ սահմանված կարգով կհրապարակվեն և կներկայացվեն հանրային քննարկման։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)