Գարեգին Խումարյանը բարձրաձայնում է ՀՀԽ-ի կողմից «անպարկեշտ առաջարկություններ»-ի մասին, կառույցը հերքում է
22:53 - 01 օգոստոսի, 2024

Գարեգին Խումարյանը բարձրաձայնում է ՀՀԽ-ի կողմից «անպարկեշտ առաջարկություններ»-ի մասին, կառույցը հերքում է

Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի եւ Հանրային հեռարձակողի խորհրդի բանավեճը շարունակվում է։ Հուլիսի 29-ին՝ արդեն երկրորդ անգամ անցկացվող մրցույթում Խումարյանը չվերընտրվեց այդ պաշտոնում եւ հայտարարեց, որ դիմելու է դատարան։

Խոսելով իր եւ ՀՀԽ-ի առճակատման մասին՝ նա օրերս հայտնել է, որ խնդիրները ծագել են այն ժամանակ, երբ մերժել է Խորհրդի առաջարկների փաթեթը՝ «Ռադիոլուր» ծրագրի վերաբերյալ։ Այդ փաթեթը, որը վերաբերում է «Ռադիոլուրի» լրատվական քաղաքականությանը, Գարեգին Խումարյանն անվանել է գրաքննության փորձ եւ փարիսեցիություն որակել ՀՀԽ-ի պնդումը, թե այդ առաջարկներն ի կատար են ածվել։

«Այդ փաստաթղթի կետերից և որևէ մեկը երբեք չի գործադրվել, Հանրային ռադիոյի աշխատակիցներից և որևէ մեկը այդ փաստաթղի ազդեցությունն իր վրա չի զգացել: Ընկերությունը շարունակել է ընթանալ իր հունով, և դա տեսանելի և լսելի է մեր եթերում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Գարեգին Խումարյանը:

Հանրային հեռարձակողի խորհուրդն այսօր հրապարակել է այդ փաստաթուղթը։ Այն Հանրային հեռարձակողի խորհրդի եզրակացությունն է Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագրի խմբագրական քաղաքականության վերաբերյալ, որն ուղարկվել է Խորհրդի նախագահ Արա Շիրինյանի աշխատանքային էլ․ փոստից ուղիղ Գարեգին Խումարյանի աշխատանքային էլ․ հասցեին 2021 թ․ դեկտեմբերի 17-ին։

Թե ինչու է 2021-ին ընդունված փաստաթուղթը հիմա հրապարակվում, Խորհուրդը բացատրել է հետեւյալ կերպ. «Փաստաթուղթը չի հրապարակվել կայքում կամ որևէ տեղ։ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 27-րդ Հոդվածի 9-րդ և 13-րդ կետերի համաձայն Խորհուրդը պարբերաբար հաստատում է ընկերությունների ծրագրային քաղաքականությունը, «իր նախաձեռնությամբ ուսումնասիրում է լրագրողների մասնագիտական վարքագծի կանոնների խախտման դեպքերը և ընդունում է խորհրդատվական բնույթի եզրակացություն»։

Ըստ Հանրային հեռարձակողի խորհրդի հայտարարության, Գարեգին Խումարյանի պաշտոնավարման 5 տարիների ընթացքում, Հանրային ռադիոյի վերաբերյալ պատրաստել է 3 Եզրակացություն։ Մյուս 2-ը հրապարակվել են 2023 թ․ Խորհրդի կայքում՝ Ինքնակարգավորում և էթիկա բաժնում։

Ստորեւ՝ Խորհրդի եզրակացություն-առաջարկությունը «Ռադիոլուրի» վերաբերյալ։

Հանրային հեռարձակողների խորհուրդը 2021 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբերի կեսն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրել է Ռադիոլուր լրատվական ծրագրի թողարկումներով հեռարձակված լուրերը, պաշտոնական կայքում տեղադրված տեսանյութերն ու ռեպորտաժները և հանգել է հետևյալ եզրակացության․ «Ռադիոլուրի» առանձին ռեպորտաժներ և լրագրողական մեկնաբանություններ չեն համապատասխանում հանրային հեռարձակողի՝ միջազգային չափանիշներով ամրագրված գործունեության նպատակներին՝ մասնավորապես՝ սատարել հասարակական համերաշխությանը և ազգային միասնությանը։

Այս Եզրակացության հիմք են հանդիսացել հետևյալ արձանագրումները․

1․ Կառավարության գործունեությունը լուսաբանելիս Ռադիոլուրի որոշ մեկնաբաններ հաճախ անտեսում են հանրային հեռարձակողի մանդատը, որը պահանջում է  ճշգրիտ և համակողմանի ներկայացնել պետական մարմինների նախաձեռնությունները, զերծ մնալ սեփական գնահատականներից։

2․ Սահմանամերձ բնակավայրերից Ռադիոլուրի ռեպորտաժները ներկայացնում են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և պետական մարմինների ձեռնարկած քայլերը։ Սակայն հաճախ ռեպորտաժների հիմնական շեշտադրումներն ու հուսահատ արձանագրումները (եթե նույնիսկ օբյեկտիվ են լրագրողի տեսանկյունից) գործնականում ստեղծում են խուճապի և անկառավարելիության տրամադրություններ։ Այս ամենը արհեստականորեն սրում է ներքաղաքական իրավիճակը Երևանում, խաթարում է հասարակական կայունությունը, թուլացնում սահմանամերձ բնակչության պաշտպանունակությունը։

3․Խորհուրդն արձանագրում է նաև, որ Ռադիոլուրի վերոհիշյալ  ռեպորտաժները սոցիալական ցանցերում դառնում են ներքաղաքական շահարկումների, տարբեր կուսակցությունների համակիրների՝ միմյանց վիրավորելու և ատելության խոսք տարածելու առիթ։

4․Քաղաքական «սկանդալային թեմաներին» Ռադիոլուրի անդրադարձների անհամաչափ քանակը, ռեպորտաժներում ներգրավված «փորձագետների» անփոփոխ կազմը հիմք են տալիս արձանագրելու, որ Ռադիոլուրը մեխանիկորեն վերարտադրում է քաղաքական դաշտում ծագած մանիպուլյատիվ հարցադրումները՝ անտեսելով որակյալ տեղեկատվություն ստանալու հանրության կարիքները։                                          

5․ Էթիկայի տեսակետից Խորհուրդն անթույլատրելի է համարում սոցիալական ցանցերում Հանրային ռադիոյի լրագրողների ոչ պատշաճ արտահայտությունները պետական և քաղաքական գործիչների հասցեին։

Հանրային հեռարձակողների խորհուրդը առաջարկում է Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանին 10-օրյա ժամկետում կադրային փոփոխություններ իրականացնել Ռադիոլուր լրատվական բաժնում՝ վերոնշյալ բացթողումներն ու լրագրողական էթիկայի խախտումները բացառելու համար։

Թեև Գարեգին Խումարյանն այսօր պնդում է, որ մերժել է այս խորհրդատվական բնույթի փաստաթուղթը, այդուհանդերձ այն ժամանակ նա հավաստիացրել էր Խորհրդի անդամներին, որ կձեռնարկի համապատասխան միջոցներ և իսկապես իրականացրել էր որոշ կադրային փոխատեղումներ։ Խորհրդի գնահատմամբ, կարճ ժամանակում նշված առաջարկները հաշվի էին առնվել և իրավիճակը զգալի բարելավվել էր։

Ցավալի է, որ «ճնշումների և Խորհրդի կողմից արված «անպարկեշտ առաջարկության» մասին մենք իմացանք 3 տարի ուշացումով, այն բանից հետո միայն, երբ Գարեգին Խումարյանը չվերընտրվեց Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել