Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը բացասական եզրակացություն է տվել «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության հետ կնքված՝ Սյունիքի մարզում գտնվող 7 միավոր հողամասերի կառուցապատման իրավունքի պայմանագրերով սահմանված ժամկետները 10 տարով երկարաձգելու դիմումին։
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն նպատակ ունի շահագործել Վայոց Ձորի մարզում գտնվող Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրը։ Այդ նպատակով 2012-ից ի վեր ՀՀ պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վարձակալության եւ կառուցապատման մի շարք պայմանագրեր են կնքվել։
Դեռեւս 2014 թվականի փետրվարի 14-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Գորայք բնակավայրի գյուղապետարանը «Գեոթիմ» ՓԲԸ-ի («Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի իրավանախորդը) հետ կնքել է պետական սեփականություն հանդիսաղող մի շարք հողամասեր կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին պայմանագրեր։ Այդ պայմանագրերով կառուցապատման իրավունքի ժամկետ է սահմանվել 10 տարի՝ մինչեւ այս տարվա փետրվարի 14-ը։
«Ինֆոքոմը» Սիսիանի համայնքապետարանից եւ Սյունիքի մարզպետարանից տեղեկացել է, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը այս տարվա փետրվարի 2-ին պայմանագրերի ժամկետը երկարաձգելու համար դիմել է համայնքապետարանին։
Համաձայն ՀՀ կառավարության N 16-Ն որոշման՝ կառուցապատման իրավունքի տրամադրման համար համայնքի ղեկավարը պատրաստում է հողաշինական գործ՝ անհրաժեշտ փաստաթղթերով, ուղարկում է մարզպետին, որն էլ 3-օրյա ժամկետում իր եզրակացության հետ միասին փաթեթն ուղարկում է պետական լիազոր մարմնին՝ այս պարագայում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը (ՏԿԵՆ)։ Պետական լիազոր մարմինը 15-օրյա ժամկետում ուսումնասիրում է ներկայացված նյութերը, ապա համապատասխան եզրակացությամբ վերադարձնում մարզպետին: Մարզպետը հնգօրյա ժամկետում եզրակացությունը տրամադրում է համայնքի ղեկավարին:
Սյունիքի մարզպետը Սիսիան համայնքի ղեկավարի պատրաստած հողաշինական գործն իր դրական եզրակացությամբ ուղարկել է ՏԿԵՆ-ին։ «Ինֆոքոմը» նախարարությունից գրավոր հարցմամբ տեղեկացել է, որ պետական լիազոր մարմինը երկարաձգելու առաջարկը քննարկել է ՏԿԵ նախարարության ընդերքի վարչության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության եւ Կադաստրի կոմիտեի հետ, եւ փաթեթը վերադարձրել մարզպետին՝ հիմք ընդունելով Կադաստրի կոմիտեի բացասական կարծիքը։
Այդ հողամասերը, որոնց վերաբերյալ Գորայքի համայնքապետարանն ու «Լիդիան Արմենիա» ընկերությունը տասը տարի առաջ կնքել էին կառուցապատման իրավունքի մասին պայմանագրեր, ունեցել են արդյունաբերական, ընդերքօգտագործման նպատակային նշանակություն, կառուցապատման իրավունքով տրամադրման նպատակը եղել է ընդերքից օգտակար հանածոների արդյունահանումը։ Հողամասերն ունեցել են տարբեր մակերեսներ՝ 0,002 հա-ից մինչեւ 10,9467 հա, իսկ տարեկան վարձավճարը՝ 248 դրամից մինչեւ 1 մլն 810 հազար դրամ։
Կառավարության՝ վերը նշված որոշման մեջ ասված է, որ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի կառուցապատման իրավունքի տրամադրմանը բացասական եզրակացություն է տրվում, երբ ներկայացված տարածքները համընկնում են պետության կողմից նախատեսվող ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ հողամասերի հետ: Եւ եթե տրվում է բացասական եզրակացություն, ապա արգելվում է հողամասերը տրամադրել կառուցապատման իրավունքով։
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)