shantnews.am: Վրաստանում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման պատճառով դադարեցված ամերիկյան օգնության ծրագիրը Վրաստանի բյուջեի հետ կապ չունի։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Մենք այլ պետության կողմից սուբսիդավորվող հետամնաց երկիր չենք, կարևոր է նշել, որ մեր հասարակությանն ասել են, որ ինչ-որ տեղ ինչ-որ մեկը դադարեցրել է մեզ ֆինանսավորել, և սա աղետ կլինի: Այս գումարը բյուջեի հետ կապ չունի: Որքան ես գիտեմ՝ Վրաստանի խորհրդարանի հաստատած բյուջեում նման գումար չի եղել»,- ասել է Պապուաշվիլին։
Բանախոսն ընդգծել է, որ Վրաստանի քաղաքացիներն իրենք են ստեղծում երկրի բյուջեն և համալրում գանձարանը, որտեղից գումարները բաժանվում են տարբեր կարիքների համար։ Նրա խոսքով՝ դեռ հայտնի չէ, թե դրսից երկիր մտած գումարներն ինչի վրա են ծախսվել։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հուլիսի 31-ին ասել է, որ Վաշինգտոնը որոշել է դադարեցնել Թբիլիսիին ավելի քան 95 մլն դոլարի չափով օգնության ծրագիրը՝ կապված Վրաստանում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման հետ։ Նախկինում նույն պատճառով ԵՄ-ն որոշել էր սառեցնել 30 միլիոն եվրոն, որը նախատեսվում էր հատկացնել Վրաստանի պաշտպանության նախարարությանը
comment.count (0)