tert.am: Իսրայելը կարող է Իրանին զսպելու համար կանխարգելիչ հարված հասցնել, եթե ունենա հստակ ապացույցներ, որ Թեհրանը պատրաստվում է հարձակման: Այս մասին, ինչպես գրում է timesofisrael.com-ը, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները այն բանից հետո, երբ վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի երեկոյան Իսրայելի անվտանգային կառույցների ղեկավարներին հրավիրել է հանդիպման:
Հանդիպումը, որին մասնակցել են Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, պաշտպանության բանակի շտաբի պետ Հերզի Հալևին, Մոսադի ղեկավար Դեյվիդ Բարնեան և Շին Բեթի ղեկավար Ռոնեն Բարը, կայացել է Իրանի և նրա լիբանանյան դաշնակից Հեզբոլլահի կողմից Իսրայելի վրա ակնկալվող հարձակումների նախապատրաստման ֆոնին:
Իրանը, «Հեզբոլլահ»-ը և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ն Իսրայելին մեղադրում են չորեքշաբթի Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության համար: Նրա սպանությունը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Բեյրութում Իսրայելի հասցրած հարվածից սպանվել էր «Հեզբոլլահ»-ի ռազմական ղեկավար Ֆուադ Շուքրին: Իսրայելը ստանձնել է Շուքրի սպանության պատասխանատվությունը, սակայն պաշտոնապես չի մեկնաբանել Հանիեի սպանությունը: Թե՛ Իրանը, թե՛ «Հեզբոլլահ»-ը խոստացել են վրեժխնդիր լինել սպանությունների համար:
comment.count (0)