Անչափահաս աղջիկը՝ կռվախնձոր ազգականների միջեւ․ ո՞րն է երեխայի լավագույն շահը
17:19 - 05 օգոստոսի, 2024

Անչափահաս աղջիկը՝ կռվախնձոր ազգականների միջեւ․ ո՞րն է երեխայի լավագույն շահը

Օրերս հուզական ծանր վիճակում Գյումրիից Երեւան տեղափոխված անչափահաս աղջիկը չի անցել երեխաների աջակցության կենտրոնի խնամքին, նրա ընդունելության արձանագրություն չի կազմվել։

Այս մասին «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը։

Անչափահաս աղջիկը տեղափոխվել էր Երեւան Գյումրու խնամակալության եւ հոգաբարձության մարմնի որոշման հիման վրա։ Հաշվի առնելով, որ աղջկա հայրական եւ մայրական կողմի ազգականների միջեւ առկա է երեխայի խնամակալության հարցին առնչվող դատական վեճ՝ Հոգաբարձության մարմինը որոշել էր նրա խնամքը անժամկետ կազմակերպել Երեւանի՝ երեխաների աջակցության կենտրոններից մեկում։

9-ամյա աղջիկը ծնվել եւ մինչեւ 5 տարեկանն ապրել է Հունաստանում, այդ երկրի քաղաքացի է։ Նրա ծնողները նույնպես Հունաստանում ապրելիս են եղել։ Մոր մահից հետո՝ 2019 թ․–ին, աղջկա հայրական եւ մայրական կողմերի հարազատների միջեւ վեճեր են առաջացել։ Երեխային Հայաստան է բերել մորաքույրը։ Ըստ մայրական տատի՝ երեխային ուղարկել էին ճամփորդելու նպատակով, սակայն երեխայի հոր ծնողները նրան թույլ չեն տվել վերադադառնալ Հունաստան։ Այդ օրվանից ի վեր մոր հարազատները չեն կարողանում երեխային տեսակցել։ Հայրական կողմն էլ պնդում է՝ երեխան ունի ծնող, եւ նա է որոշողը, թե աղջիկը որտեղ ապրի։

2021 թ․ տատն ու մորաքույրը դատական հայց են ներկայացրել հոր եւ նրա ծնողների դեմ։ Մինչ վերջնական դատական ակտ կայացնելը դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու նրանց միջնորդությունը՝ սահմանելով տեսակցության կարգ՝ օր, ժամ, տեւողություն։ Ըստ մայրական տատի՝ չնայած դրան՝ իրեն դարձյալ չեն թույլատրել թոռանը տեսնել։ Արդյունքում, ինքը փոխել է հայցի առարկան՝ դատարանից պահանջելով երեխայի բնակության վայրը սահմանել իր մոտ։ Հայրական կողմն էլ հակընդդեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով երեխայի բնակության վայրը սահմանել հոր մոտ։

2023 թ․ գործը փոխանցվել է նոր դատավորի (գործը քննող դատավորը տեղափոխվել է Երեւան), որն էլ գործի քննությունը սկսել է զրոյից, նաեւ կասեցրել է վարույթը՝ դատահոգեբանական փորձաքննություն նշանակելով։ Փորձագետները պետք է պարզեն՝ արդյո՞ք երեխան գտնվում է հոգեկան տրավմատիկ ազդեցության ներքո, եթե այո, ապա՝ ի՞նչ բնույթի ազդեցության, եւ արդյո՞ք հայրը եւ նրա ծնողները կարող են ունենալ այդպիսի ազդեցություն աղջկա վրա։ 

Գյումրու Խնամակալության եւ հոգաբարձության մարմինը որոշել է մինչեւ դատարանի վճիռը երեխային պահել չեզոք վայրում

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Գյումրու խնամակալության եւ հոգաբարձության մարմինը որոշել է երեխային ուղարկել երեխաների աջակցության կենտրոններից մեկը։ «Ինֆոքոմ»–ն արդեն հրապարակել է տեսանյութ, որում երեւում է, թե հոգեհուզական ինչ ծանր վիճակում են երեխային տեղափոխում։ 

Երեխան, սակայն, կենտրոնում երկար չի մնացել։ Մինչ կողմերն ու նրանց փաստաբանները կենտրոնի տնօրենի աշխատասենյակում են եղել, իսկ աղջիկը՝ հոգեբանի մոտ առանձնազրույցի, վերջինիս հայրը վերցրել է նրան եւ հեռացել։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանի խոսքով՝ երեխան հաստատություն էր տեղափոխվել ոստիկանների ուղեկցությամբ, ուստի նրանց էր վերապահված ապահովել երեխայի անվտանգությունն ու գործընթացի անխոչընդոտ կազմակերպումը։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության անչափահասների հանցավորության եւ ընտանեկան բռնության կանխարգելման վարչության պետ Էդգար Պետրոսյանը պարզաբանեց՝ երեխան եղել է հոգեբանի, այլ ոչ թե ոստիկանների մոտ․ վերջիններիս հրավիրել էին տնօրենի աշխատասենյակ՝ քննարկման, որից հետո կողմերի միջեւ վիճաբանություն է սկսվել, ինչը ոստիկանները փորձել են հանդարտեցնել։ Կատարվածի վերաբերյալ նրանք նաեւ զեկուցագիր են ներկայացրել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։ Ուսումնասիրության արդյունքում, սակայն, քրեական վարույթի նախաձեռնումը մերժվել է։

Էդգար Պետրոսյանի խոսքով՝ ոստիկաններն ի սկզբանե եղել են դեպքի վայրում հասարակական կարգի պահպանության եւ փոխօգնության նպատակով․ վարչական մարմինն է իրենց դիմել՝ որոշման կատարումն անխոչընդոտ իրականացնելու խնդրանքով։

Ըստ Պետրոսյանի՝ եթե երեխային հայտնաբերելու հանձնարարական լինի, ոստիկանները իրենց գործառույթը կիրականացնեն․ տվյալ դեպքում հոր կողմից երեխային տանելը իրենք առեւանգում չեն որակում։

Երեխայի մայրական տատի իրավաբանները, սակայն, որակում են առեւանգում, նրանք դեպքի առթիվ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել։

Արդյո՞ք կողմերի նյութական շահագրգռվածությունն է երեխային նման իրավիճակին հասցնելու պատճառը

Երեխայի մայրական տատի իրավաբան Հայկազ Մակարյանը ճիշտ է համարում Խնամակալության հանձնաժողովի որոշումը՝ նշելով, որ խնամքի կենտրոնում գտնվելը բխում է երեխայի լավագույն շահից, անվտանգությունից եւ պաշտպանությունից։ Ըստ նրա՝ երեխան մեծանում է անառողջ մթնոլորտում, ատելության քարոզի մեջ․ «Ասում են՝ տատիկն է մայրիկիդ սպանել (մայրը մահացել է հիվանդությունից,–հեղ․), հենց նրան տեսնես, պիտի բղավես, ասում են՝ տատիկդ ուզում է գալ, հորդ թունավորել, հոգեբաններն են պնդել, որ երեխային դրդում են [այդպիսի վերաբերմունքի], նաեւ ոստիկանների կողմից արձանագրված ցուցմունք»,– ասում է Մակարյանը։

Մինչդեռ տատը պնդում է՝ բազմաթիվ լուսանկարներ փաստում են, որ մինչեւ երեխայի հինգ տարեկանը ինքն է զբաղվել նրա խնամքով եւ դաստիարակությամբ, երեխան կապված է եղել իր, այլ ոչ թե հոր հետ։ Հայրը, ըստ տատի, նախկինում բռնություն է գործադրել, հարվածել աղջկան, մեկ ոտքով անկյուն կանգնեցրել։

Մայրական կողմի խոսքով՝ երեխայի հայրը նյութական շահագրգռվածություն ունի, տատից բնակարան, ոսկեղեն է ուզել։ Բացի այդ, երեխան, որպես միակողմանի ծնողազուրկ, Հունաստանի կառավարությունից մինչ 24 տարեկանը թոշակ է ստանում։

Հայրական կողմը պնդում է՝ երեխան անձամբ չի ուզում մոր հարազատներին տեսնել

Երեխայի հոր փաստաբան Կարեն Ղոնյանը մեր զրույցում ընդգծում է՝ երեխան ունի հայր, եւ հայրն է որոշում նրա կենսաապահովման պայմանները։ Տվյալ դեպքում հայրը ցանկացել է, որ իր աղջիկը մեծանա Հայաստանում, գնա հայկական մանկապարտեզ, դպրոց․ «Երեխայի լավագույն շահով առավել շահագրգիռը հայրն է, մենք չունենք փաստական որեւէ հանգամանք, որ նա վատ հայր է եւ երեխային վնաս է տալիս, երեխային վատ վերաբերվողը նրան կտանե՞ր ուսումնական ճամբար, դպրոցում էլ, ի դեպ, գերազանց է սովորում»,– ասում է Ղոնյանն ու հավելում՝ մայրական տատը երեխային հոր խնամակալությունից զրկելու պահանջ  Հունաստանում ներկայացրել, սակայն մերժվել է։

Փաստաբանը հերքում է նաեւ, թե հոր ծնողները մորական կողմին խոչընդոտել են տեսակցել երեխային, պնդում է՝ երեխան անձամբ չի ուզել տեսնել նրանց։ Դիտարկմանը, որ տեսակցության կարգը խոչընդոտելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, հորն ու պապին մեղադրանք առաջադրվել՝ փաստաբանն արձագանքում է․ «Այդ մեղադրանքում նշել են խոչընդոտման մի ժամանակահատված, երբ մարդը Հայաստանում չի էլ եղել։ Երբ կլինի մեղադրական դատական ակտ, այդ ժամանակ կխոսենք խոչընդոտելուց»,- ասում է նա։

Մեկ այլ քրեական վարույթ էլ նախաձեռնվել է մորական տատի նկատմամբ բռնություն գործադրելու առթիվ։ Դրա շրջանակում մեղադրանք է առաջադրվել երեխայի հորաքրոջը։ Վերջինս մեղադրանքը չի ընդունել։

Մեր զրույցում Կարեն Ղոնյանը հերքում է նաեւ հորն ուղղված մեղադրանքները՝ նյութական շահագրգռվածություն ունենալու վերաբերյալ․ «Ի՞նչ ասեմ այդ աբսուրդի մասին, չեմ էլ կարող պատկերացնել։ Եթե տատը ասում է՝ բերեք, մանկատանը տեղավորեք երեխային, մենակ թե հոր մոտ չմնա․․․ Այ, եթե ուզեր տանել, պահել, որովհետեւ հայրը վնաս տար․․․  Նյութականի համա՞ր պիտի իր երեխային պահի, հայրն է ի վերջո, միգուցե իրե՞նք են շահագրգռված նյութականով»,– ասում է փաստաբանը։

Նա կարծում է՝ հանձնաժողովի որոշումը՝ երեխային խնամքի կենտրոն տեղափոխելու մասին, լիազորությունների անցում է, քանի որ մարմինն իրավունք չուներ նման որոշում կայացնելու՝  այն դեպքում, երբ հայրը կա։ Այնուհանդերձ, այդ որոշումը, ըստ նրա, կատարման ենթակա էլ չէր, քանի որ իրենք այն վիճարկում են դատական կարգով։

Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն՝ երբ դատարանը վարույթ է ունենում վիճարկման հայցը, որոշման կատարումը կասեցվում է մինչեւ վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Հոդվածը նախատեսում է որոշակի բացառություններ, այդ թվում՝ այն դեպքերի համար, երբ ակտը ենթակա է անհապաղ կատարման։

Ղոնյանն ընդգծում է՝ այսպիսի որոշումները Հոգաբարձության մարմինները, որպես կանոն, համարում են անհապաղ կատարման։ Տվյալ դեպքում, սակայն, որոշման մեջ նման բան գրված չէ։

Խնամակալության հանձնաժողովի նախագահի պնդմամբ՝ որոշման կատարումը կասեցված չէ

Գյումրի համայնքի խնամակալության հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանը կատարվածը ընտանեկան խժդժություններ է որակում։ Պատմում է՝ քանի որ երեխան 2019 թ․–ից ի վեր գտնվել է տատի եւ պապի խնամքին, իսկ հայրը պարբերաբար բացակայել է Հայաստանից, Հանձնաժողովը պապին տվել է խնամակալության իրավունք՝ միաժամանակ հորդորելով ապահովել տեսակցության սահմանված կարգը։ Հետագայում, երբ դա չի արվել, պապին զրկել են խնամակալությունից։ Այդ ժամանակ հայրը վերադարձել է Հայաստան եւ ստանձնել երեխայի խնամքը։ Սակայն նա եւս, ըստ Բաղրամյանի, չի թույլատրել տեսակցել երեխային։

Երբ խոչընդոտման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, քննիչը որոշել է դատահոգեբանական փորձաքննություն նշանակել, սակայն չի կարողացել երեխային վերցնել եւ տանել փորձաքննության։ Դրանից հետո, ըստ Բաղրամյանի, իրենք ստացել են քննիչի միջնորդագիրը՝ երեխայի խնամքը եւ դաստիարակությունը խնամքի հաստատությունում կազմակերպելու վերաբերյալ։ Համանման գրություն է հասցեագրել նաեւ հսկող դատախազը՝ նշելով, որ Հանձնաժողովը պարտավոր է լուծել երեխայի խնամքի հարցը։ Ըստ նրա՝ Հանձնաժողովը չէր կարող անտեսել այդ փաստաթղթերը, դա արդեն կվկայեր իրենց անգործության մասին․ «Այդ փաստաթղթերը ունենալուց հետո նիստ ենք հրավիրել, կարող էինք դա ավելի վաղ անել, բայց չենք արել, բազմիցս փորձել ենք բացատրել, որ չի կարելի այսպես․․․ Իհարկե, երեխային նորմալ, կոկիկ խնամում են, կազմակերպված գնում է դասի, պարապմունքների, այսինքն՝ որ ասեմ՝ ունի ապրելու, կենցաղայի վատ պայմանների խնդիր, ոչ, պարզապաես հոգեբանների կարծիքն է, որ երեխայի վրա կա ներգործություն [մայրական] տատի դեմ, թեպետ հայրական կողմը չի ընդունոմ այդ եզրակացությունները՝ պատճառաբանությամբ, որ իրենք չեն մասնակցել այդ զրույցին, բայց մենք բացատրել ենք, որ դրա իրավունքը չունեին էլ»։

Էդուարդ Բաղրամյանի խոսքով՝ որոշումը 2-3 անգամ փորձել են ի կատար ածել, սակայն չի ստացվել։ Դրանից հետո է, որ դիմել են ոստիկանների աջակցությանը։ Ներկա են եղել նաեւ Հանձնաժողովի 7 անդամները, այդ թվում՝ հոգեբան։

Անդրադառնալով որոշման հնարավոր կասեցմանը՝ Բաղրամյանն ասաց, որ այն դեռեւս ուժի մեջ է, քանի որ դատարանի կողմից հայցը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում չեն ստացել, տեղեկություն էլ չունեն՝ վարույթ ընդունվե՞լ է թե՞ ոչ։ Դատական տեղեկատվական համակարգի խափանման պատճառով վերջին շրջանում ներկայացված հայցերը հրապարակված չեն։ Մենք դիմեցինք Գյումրու վարչական դատարան, որտեղից, սակայն, կոնկրետ ամսաթվով եւ հոր տվյալներով հայց գտնել չկարողացան։

Հարցին, թե որքանո՞վ էր երեխայի լավագույն շահից բխում կամքին հակառակ, հուզական ծանր վիճակում հարազատներից կտրելն ու Երեւան տեղափոխելը, Բաղրամյանը պատասխանում է հետեւյալ կերպ․ «Այդ նույն հարցը մենք տվել ենք դատախազին եւ քննիչին, հարցրել ենք՝ ո՞նց եք պատկերացնում տանելը, որոշում կայացնելը ամենահեշտ բանն է, ֆիզիկական ուժ պիտի կիրառվի՞, ասել են՝ դա շատ հարաբերական է․․․ Մենք շատ լավ գիտենք, որ այդտեղ մնալը ճիշտ չէր, բայց այլ հարց է, թե ինչքանով է երեխան դա հասկանում։ Մինչ այս պիտի փոխադարձ համաձայնության գային, պիտի գիտակցեին, որ երեխայի այնտեղ գտնվելը լավագույն շահ չէր, իսկ հիմա ավելի շատ է վնասված երեխայի լավագույն շահը, հիմա կենտրոնում գտնվելն է լավագույն շահը, որովհետեւ կողմերի մեջ լարվածություն կա։ Ոչ քեզ, ոչ քեզ․ պիտի գտնվի չեզոք պայմաններում, մինչեւ դատական վեճը լուծվի»,– կարծում է Հանձնաժողովի նախագահը։

Երեխայի իրավունքների պաշտպանության հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հանրային կապերի բաժնի ղեկավար Արթուր Ասլանյանը տեղեկացրեց, որ երեխայի իրավունքների պաշտպանության հարցը ՄԻՊ–ի անմիջական ուշադրության ներքո է։

Ըստ նրա՝ ՄԻՊ աշխատակազմում իրականացվել է բազմակողմանի ուսումնասիրություն, գրություններ են հասցեագրվել իրավասու մարմիններին, իրականացվել են համապատասխան քննարկումներ։ Ընդ որում, ուսումնասիրությունը վերաբերում է ոչ միայն տեսանյութով հրապարակված դեպքին, այլեւ երեխայի այլ իրավունքների պաշտպանության եւ լավագույն շահի երաշխավորման հետ կապված հարցերին․ «Իրականացված ուսումնասիրության, իրավասու մարմիններից ստացված տեղեկատվության, կողմերի հետ ունեցած զրույցների արդյունքները վկայում են, որ երեխայի լավագույն շահի երաշխավորման տեսանկյունից առկա է բազմամասնագիտական թիմի ներգրավմամբ միջգերատեսչական պատշաճ համագործակցության ապահովման հետ կապված խնդիր։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ Պաշտպանը հարցը ներկայացրել է նաեւ Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովին՝ երեխայի իրավունքների եւ լավագույն շահի ապահովման ընթացքում ծագած խնդիրները վերլուծելու եւ բազմամասնագիտական թիմի ներգրավմամբ միջգերատեսչական պատշաճ համագործակցության միջոցով դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ մշակելու նպատակով»,– հայտնեց Արթուր Ասլանյանը։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել