Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի նախագահի աշխատակազմից։
Իլհամ Ալիևը տարածաշրջանում ընթացող գործընթացների համատեքստում նշել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կանոնավոր շփումների կարևորությունը։
Ընդգծելով, որ երկու երկրների երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են, Ադրբեջանի նախագահն ասել է, որ դա դրսևորվում է բարձր և այլ մակարդակներում շփումներով, ինչպես նաև երկրների միջև ստորագրված փաստաթղթերի և ճանապարհային քարտեզների իրագործմամբ, անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, ռազմատեխնիկական, հումանիտար ոլորտներում համագործակցությամբ։
Իլհամ Ալիևը նշել է, որ «ադրբեջանա-ռուսական հարաբերությունները օրինակ են որոշ հարևան պետությունների համար» և դա գնահատել է որպես անվտանգության կարևոր գործոն Հարավային Կովկասում։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ընդգծել է երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացումը տարածաշրջանային անվտանգության, ռազմատեխնիկական, տրանսպորտային և տնտեսական ոլորտներում։
Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ՌԴ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Հանդիպմանը քննարկվել են «3+3» ձևաչափով համագործակցության հեռանկարները։
comment.count (0)