civilnet.am: Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարել է, որ իր եղբայրը՝ Արամ Երիցյանը, կրկին ձերբակալվել է։
«Այսօր առավոտյան ժամը 7։30-ին մի խումբ ոստիկաններ եկան մեր տուն և տեղեկացրին, որ կա քննիչի որոշում, որով պետք է Արամ Երիցյանը ձերբակալվի։ Ես զանգահարեցի և խոսեցի ոստիկանների հետ, ծանոթացա քննիչի որոշմանը։ Ոչինչ հնարավոր չէ անել, եթե կա քննիչի որոշում, պետք է կատարվի։ Ոստիկանները, քննիչի որոշմամբ, ձերբակալեցին Արամին և տեղափոխեցին ոստիկանության Արաբկիրի բաժին։ Ներկայումս նա այնտեղ է։ Քննիչը չի պատասխանում զանգերին, անջատում է` շատ լավ իմանալով, որ ես եմ զանգում»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է Ռոման Երիցյանը։
Ավելի վաղ՝ օգոստոսի 1-ին, նա հայտարարել էր, որ 10 պարեկային ծառայողներ դաժանաբար ծեծի են ենթարկել իր եղբորը՝ ավտոմեքենան արգելված վայրում կայանելու համար։ Ոստիկանությունը հակադարձել է, որ փաստաբանի եղբայրը ծեծի չի ենթարկվել՝ ներկայացնելով ծառայողական քննության արդյունքները․ «Ձերբակալումն էլ կատարել են ոչ թե պարեկային 10 ծառայողներ, այլ մեկ կարգախումբ՝ երկու պարեկով»։
Օգոստոսի 4-ին Արամ Երիցյանի կալանավորման միջնորդությունը մերժվել էր, իսկ ձերբակալումն էլ ճանաչվել ոչ իրավաչափ։ Նա ազատ էր արձակվել։
Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ Արամ Երիցյանը օգոստոսի 7-ին ձերբակալվել է՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը քննարկելու համար դատարան ներկայացնելու հիմքով։
Ռոման Երիցյանը նշում է, որ դատարանի օգոստոսի 4-ի որոշմամբ՝ ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ և մերժել է կալանավորման միջնորդությունը՝ կալանավորման հիմքերի բացակայությամբ պայմանավորված․ «Դատարանը արձանագրել է, որ չկա Արամ Երիցյանի կողմից վարույթը խոչընդոտելու կամ քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունները չկատարելու ռիսկ, ինչպես նաև փախուստի դիմելու կամ վարույթից թաքնվելու ռիսկ։ Երեք օր Արամը եղել է ազատության մեջ և որևէ գործողություն չի ձեռնարկել։ Նա միայն գնացել է ոստիկանների դեմ տված հաղորդման հիմքով ցուցմունք տալու խոշտանգումների վարչություն»:
comment.count (0)