ՔՊ նվիրատուների հայտարարագրերում անհամապատասխանություններ կան. ԿԿՀ-ն անդրադարձել է նաև «Ինֆոքոմի» հրապարակմանը
18:23 - 08 օգոստոսի, 2024

ՔՊ նվիրատուների հայտարարագրերում անհամապատասխանություններ կան. ԿԿՀ-ն անդրադարձել է նաև «Ինֆոքոմի» հրապարակմանը

«Ինֆոքոմը» պարզել էր, որ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Սարգսյանի, Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու մի քանի անդամների և այլ պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն արված նվիրատվությունների գումարների աղբյուրներն անհայտ են։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հավելյալ ուսումնասիրել է  «Ինֆոքոմի» հրապարակման մեջ տեղ գտած անձանց հայտարարագրերը և հայտնաբերել անհամապատասխանություններ։

Մասնավորապես, պարզել են, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Սարգսյանը, Սիսիան համայնքի ավագանու անդամներ Աշոտ Աղաջանյանը, Անիկ Գրիգորյանը և Արմենակ Միրզախանյանը, ինչպես նաև ՊԵԿ Իրավաբանական վարչության սնանկության գործերի բաժնի գլխավոր մասնագետ Գոհար Հովհաննիսյանի ամուսինը՝ Գևորգ Բաղդասարյանը ՔՊ-ին նվիրաբերել են գումար, որը չի հիմնավորվել նրանց հայտարարագրած տվյալներով։

Հանձնաժողովը, նվիրատվությունների արժանահավատությունը ստուգելու նպատակով, համապատասխան տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու վերաբերյալ գրություններ է ուղարկել վերոնշյալ անձանց և նրանց ընտանիքի անդամներին: Անիկ Գրիգորյանից և նրա ընտանիքի անդամից Հանձնաժողովը պարզաբանում է հայցել։ 

Հանձնաժողովը ուսումնասիրել է նաև Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարագիրը։ Հիշեցնենք, որ «Ինֆոքոմը» պարզել էր, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ 2023 թվականին ծախսած գումարներից 3.8 մլն դրամի աղբյուրն անհայտ է։ 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հայտնել են, որ Արարատ Միրզոյանի ծախսերի արժանահավատության վերաբերյալ կասկածներ չեն առաջացել, քանի որ Հանձնաժողովը նման դեպքերում ուսումնասիրում է ոչ միայն հայտարարատու պաշտոնատար անձանց, այլ նաև նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերում նշված տվյալները, և դիտարկում դրանք որպես մեկ ամբողջություն։ Այս դեպքում Արարատ Միրզոյանի ֆինանսները դիտարկվել են կնոջ՝ Գոհար Աբաջյանի հայտարարագրած միջոցների հետ միասին: 

Այսինքն՝ ըստ ԿԿՀ եզրահանգման՝ նախարարն իր ծախսերի մի մասն իրականացրել է կնոջ ֆինանսական միջոցների հաշվին։ 

Մեզ հետ զրույցում ԿԿՀ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ հրապարակման մեջ ներառված պաշտոնյաներից բացի այլ անձանց մոտ ևս գտել են անհամապատասխանություններ, այժմ ուսումնասիրում են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել