«Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում մահացած 2-ամյա երեխան պետության խնամքին է հանձնվել ծննդատնից՝ բնածին առողջական ծանր խնդիրներով. ԱՍՀՆ
13:48 - 09 օգոստոսի, 2024

«Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում մահացած 2-ամյա երեխան պետության խնամքին է հանձնվել ծննդատնից՝ բնածին առողջական ծանր խնդիրներով. ԱՍՀՆ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում 2-ամյա երեխայի մահվան դեպքի առնչությամբ տեղեկացնում է, որ երեխան պետության խնամքին տեղափոխվել է 2022 թվականի օգոստոսի 12-ին՝ անմիջապես ծննդատնից, 2 օրական, բնածին առողջական ծանր խնդիրներով (առողջական խնդիրները մանրամասնորեն չեն նշվում՝ հաշվի առնելով, որ տեղեկությունը պարունակում է բժշկական գաղտնիք և հրապարակման ենթակա չէ):

«Պետության խնամքի հաստատություններում ապրում են նաև առողջական ծանր խնդիրներով երեխաներ, և, ցավոք, կան հիվանդություններ, որոնք կյանքի հետ հաճախ անհամատեղելի են։

2024 թվականի օգոստոսի 2-ին՝ մինչ երեխայի մահը, հաստատության հերթապահ բժշկի և բուժքրոջ կողմից կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, կանչվել է շտապ բուժօգնություն։ Վերակենդանացման միջոցառումները եղել են ապարդյուն, երեխայի մոտ գրանցվել է մահ։

Դեպքի մասին խնամքի հաստատությունն անմիջապես հաղորդել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գյումրիի Մուշի բաժնի հերթապահ մաս»,- նշվում է ԱՍՀՆ հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ հանկարծամահության դեպքի փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը` պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով) հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն մահվան պատճառները պարզելու նպատակով։ 

Նշենք, որ հանկարծամահության դեպքերի առթիվ քրեական վարույթները նախաձեռնվում են սպանության հոդվածով՝ քննչական որոշակի գործողություններ իրականացվելով (որոնք կարող են իրականացվել միայն նախաձեռնված վարույթի շրջանակում) դեպքի հանգամանքները ամբողջապես պարզելու, հանկարծամահության վարկածը հաստատելու կամ հերքելու նպատակով, որից հետո միայն կայացվում է քրեադատավարական համապատասխան որոշում (վարույթի կարճում կամ արարքի վերաորակում)։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել